ՆորություններՀԵՐԹԱԿԱՆ ԿԻՆՈԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼԵՓ-ԼԵՑՈՒՆ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԵՎ՝ ԹԵԺ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նոր նախագիծը՝ ԿԻՆՈԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ, մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդ ստեղծագործողների շրջանում:
Հերթական հանդիպումը կրկին անցավ լեփ-լեցուն դահլիճում և թեժ երկխոսությամբ:
Այս անգամ դիտման էին ներկայացված երիտասարդ ռեժիսորներ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ՝ «Քամու հետ» և ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ՝ «Ախմախը» ֆիլմերը, իսկ քննարկելու էին ստեղծագործությունները կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ու սցենարիստ ԱՐՄԵՆ ՎԱԹՅԱՆԻ մասնակցությամբ:
«Քամու հետ» ֆիլմն արծարծում էր շատ լուրջ խնդիր՝ Սևանա լճի խնդիրը, որը Հայաստանի ամենամեծ ջրային ավազանն է, որտեղ ամեն տարի միջին հաշվով 10 ձկնորս է խեղդվում լճի անկանխատեսելի եղանակի պատճառով, բայց տարածաշրջանում ապրող յուրաքանչյուր մարդ գիտի, որ այստեղ ծնվելն ու Սևանա լիճ դուրս գալն իր ճակատագիրն է։
«Ախմախը» ֆիլմն ուզում է պատասխանել այն հարցին, թե ո՞վ է մեր հասարակության մեջ ախմախը. գի՞ժը, մտածո՞ղը, գուցե դժբա՞խտը:
Ֆիլմերի դիտումից հետո լեփ-լեցուն «Բուխարու սրահ»-ը դարձավ թեժ քննարկման էպիկենտրոն:
Շատ հետաքրքիր, շատ ուսանելի քննարկմանը,ինչպես միշտ, միացավ նաև հանդիսատեսը: Ավելի ճիշտ՝ ԿԻՆՈԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ մոդերատոր, կինոռեժիսոր ԱՐԵՆ ՄԱԼԱՔՅԱՆԻ հմուտ միջամտությամբ հենց հանդիսատեսի քննարկմամբ սկսվեց երկխոսությունը:
Պետք է շնորհակալություն հայտնենք այն կինոգործիչներին՝ կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանին, դերասան Արտյոմ Ազարյանին, ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանին և այլոց, որոնք գրեթե միշտ շատ ակտիվ մասնակցում են երկխոսությանը, քննարկումներին՝ անկախ այն հանգամանքից՝ իրենք գլխավոր բանախոսն են, թե՝ ոչ:
Դե իսկ երեկվա հիմնական բանախոսների՝ կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ և սցենարիստ ԱՐՄԵՆ ՎԱԹՅԱՆԻ դիտարկումները կարծում ենք մեծ փորձառություն կհաղորդեն երիտասարդ ստեղծագործողներին:
01.03.2019