ՆորություններՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԻՆՈՅԻ և ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սպասելի էր, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինո#Զրույցներ նոր նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացնելու, որովհետև մեզանում բացակայում էր դիսկուրսը կինոյի շուրջ:
Խոսել ժամանակակից կինոյում տեղի ունեցող զարգացումների մասին և խոսել հայկական կինոյի զարգացման հեռանկարների, ժամանակակից հայկական կինոյում տեղի ունեցող գործընթացների մասին և խոսել այն կինոգործիչների մասնակցությամբ, որոնք ոչ միայն նկարահանում են կինո, այլև տեղեկացված են ժամանակակից աշխարհում տեղի ունեցող կինոպրոցեսներին. սա է Կինո#Զրույցներ նոր նախագծի նպատակը: Նաև՝ խոսել կինոյի տանը, կինոգործիչների ընտանիքում:
Ուշագրավ է, որ այս դիսկուրսը մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդ ստեղծագործողների մոտ և այս դիսկուրսով կայանում է նաև սերունդների խոսակցություն, փոխգործակցություն, սերունդների հավաք նույն հարկի տակ, նույն խնդիրների շուրջ՝ գտնելու լուծումներ, լսելու միմյանց, որոնելու ճանապարհներ, քանի որ նախագիծը ոչ միայն բանախոսների տեսակետների ու կարծիքների հնչեցում է, այլ նաև զրույց լսարանի հետ ու լսարանի մասնակցությամբ:
Կինո#Զրույցներ-ի առաջին բանախոսը կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն էր, իսկ երեկ Կինո#Զրույցներ-ի բանախոսը հայկական կինոյի պահանջված ու ինքնատիպ կինոօպերատորներից էր՝ ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԸ: Պրոֆեսիոնալ՝ բառի բոլոր հնարավոր և անհնար իմաստներով:
Թերևս այս էր պատճառը նաև, որ Կինոյի տան «Բուխարու սրահը» անկարող էր հյուրընկալել բոլոր մասնակիցներին: Եվ, այնուհանդերձ, ծավալվեց անչափ հետաքրքիր, խորքային զրույց, որը, կարծում ենք, երկար կմնա որպես մասնակիցների քննարկման նյութ:
Վահագն Տեր-Հակոբյանի խոսքի ուղիղ հեռարձակման տեսագրությունն առկա է մեր էջում, իսկ մնացածի՝ ջերմ մթնոլորտի, աշխույժ զրույցի ու հետաքրքրվածության մասին խոսում են լուսանկարները:
Զրույցը վարում էր կինոռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը, բայց այնքան էր այն հագեցած ու այնքան էր սպասված խոսակցությունը, և այնքան էր անկաշկանդ մթնոլորտը, որ զրույցը վարելու «պարտավորություն» ստանձնեց նաև կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը:
Ի դեպ, ևս մեկ լավ ավանդույթ է ձևավորում Կինո#Զրույցներ-ը՝ պրոֆեսիոնալ «մրցակիցները» նույն հարկի տակ խոսում, բանավիճում են, կարծիքներ ու տեսակետներ փոխանակում...Նույն հարկի տակ:
Կինո#Զրույցներ-ի հաջորդ բանախոսը լինելու է ևս մեկ հետաքրքիր ստեղծագործող՝ կինոռեժիսոր ԳԱՐԻԿ ՄԱՇԿԱՐՅԱՆԸ: ՓԵՏՐՎԱՐԻ 7-ին, ԺԱՄԸ 19:00-ԻՆ:
01.02.2019