pt:page_text, lang:arm
Նախագահ

Հարություն Ռուբենի Խաչատրյան 

Կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Ազգային կինոակադեմիայի հիմնադիր անդամ, Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ, Հայաստանի ժողովրդական արտիստ, ՀՀ պետական և ՀՀ նախագահի մրցանակակիր, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիրներից, փառատոնի 15-ամյա տնօրեն:

Ծնվել է 1955 թվականի հունվարի 9-ին, Ախալքալաքում:

Ավարտել է Խ. Աբովյանի անվան  պետական մանկավարժական ինստիտուտի (այսօր՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան) կուլտուրայի բաժնի կինոռեժիսուրայի ֆակուլտետը՝ կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի արվեստանոցը։

Աշխատել է որպես ռեժիսորի օգնական, ռեժիսոր վավերագրական ֆիլմերի ստուդիայում, ապա՝ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում։

2004 թ. գործընկերների հետ հիմնադրել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի տնօրենի պաշտոնում պաշտոնավարել է մինչև 2017 թվականի հոկտեմբեր:

Կինոյի զարգացման «Ոսկե Ծիրան» հիմնադրամի նախագահն է:

2004 թ. «Վավերագրողը» ֆիլմի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի:

2006 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

2010 թ. «Սահման» ֆիլմի համար արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի:

2013 թ.  կինոարվեստում ունեցած վաստակի համար Հարություն Խաչատրյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում:

2013 թ. ընտրվել է Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։

2016 թ. փետրվարի 5-ին ընտրվել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ:

2017 թ. Հոկտեմբերի 7-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության արտահերթ ժողովում ձայների բացարձակ առավելությամբ ընտրվել է  Հայաստանի կինեմատոգրաֆիստների  միության նախագահ:

Նկարահանել է «Մեր թաղի ձայները» (1981թ.), «Հյուրընկալելով հրամանատարին» (1985թ.), «Մի եղելության խրոնիկա» (1985 թ.), «Երեք ռաունդ Ենգիբարյանի կյանքից» (1986 թ.), «Կոնդ» (1987 թ.), «Սպիտակ քաղաք» (1988 թ.), «Քամին ունայնության» (1989 թ.), «Վերադարձ ավետյաց երկիր» (1991 թ.), «Վերջին կայարանը» (1994 թ.), «Վավերագրողը» (2003 թ.), «Պոետի վերադարձը» (2005 թ.), «Սահման» (2009 թ.),  «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» (2012 թ.), «Փակուղի» (2016 թ.) ֆիլմերը:

1987 թ. նկարահանած «Կոնդ» ֆիլմը նույն տարում արժանացել է Կիևի «Մոլոդոստ» միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակին՝ լավագույն վավերագրական ֆիլմի համար, Մոսկվայի երիտասարդ կինոգործիչների փառատոնի առաջին մրցանակին: 1988 թ. ֆիլմն արժանացել է  Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին, 1989 թ. դարձել է Մյունխենի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի լավագույն 4 ֆիլմերից մեկը: Ֆիլմն արժանացել է նաև Թիֆլիսի, Սվերդլովսկի, Խորհրդային Միության և մի շարք այլ քաղաքների և երկրների հեղինակավոր մրցանակների, Լենինյան կոմերիտմիության մրցանակի։

1988 թ. «Սպիտակ քաղաք» ֆիլմն արժանացել է Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի «Արծաթե սեստերցի» մրցանակին, ընդգրկվել է աշխարհի մի շարք հեղինակավոր կինոփառատոների, այդ թվում՝ Ամստերդամի և Վենետիկի կինոփառատոների ծրագրերում։

«Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմն արժանացել է Հունգարիայի Գիորի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակին, Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի Հատուկ մրցանակին, Սանկտ-Պետերբուրգի  միջազգային կինոփառատոնի «Ուղերձ մարդուն» մրցանակին և այլն։

«Վավերագրողը» ֆիլմը ընդգրկվել է «Նիկա» ռուսական կինոակադեմիայի մրցանակաբաշխության նոմինանտների ցանկում՝ որպես ԱՊՀ և բալթյան երկրների 5 լավագույն ֆիլմերից մեկը, ստացել է Կառլովի Վարի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ։ Մրցանակներ է ստացել Մինսկի, Ռիգայի կինոփառատոներում: Ռիգայի «Արսենալ» կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Ֆիլմն արժանացել է նաև ՀՀ պետական մրցանակի:

«Պոետի վերադարձը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Ռոտերդամի 35-րդ  միջազգային կինոփառատոնում, որից հետո ֆիլմը մասնակցել է աշխարհի շուրջ քսան հեղինակավոր կինոփառատոների, այդ թվում՝ Իրանի, Մարսելի վավերագրական ֆիլմերի, Էդինբուրգի կինոփառատոներին։ Իրանի միջազգային կինոփառատոնում  համարվել է վերջին հինգ տարիների լավագույն ֆիլմ:

«Սահման» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Ռոտերդամի 38-րդ միջազգային կինոփառատոնում, որից հետո այն դարձել է Փարիզ «Իրական կինո» փառատոնի բացման ֆիլմը, արժանացել է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի WorldFest-ի «Ռեմի պլատինիում» մրցանակին, Սիրակուզի միջազգային կինոփառատոնում՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին, Անթալիայի (Թուրքիա) կինոփառատոնի գլխավոր մրցանակին, Գիժոնի, Թբիլիսիի, Ռումինիայի կինոփառատոների մրցանակների, «Դարկո Բրատինա» մրցանակի, FIPRESCI-ի մրցանակին, Ֆրիբուրգի միջազգային կինոփառատոնում,  մասնակցել է մոտ 20 կինոփառատոների, հետահայաց ցուցադրությունների նախագծերում ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում։

2010 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը` «Հայակ» ազգային մրցանակաբաշխությունում հաղթել է «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգերում: 2013 թ. ներկայացվել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում: Վավերագրական կինոյի ամենահայտնի փառատոներից՝ շվեյցարական Նիոն քաղաքի Visions du Réel կինոփառատոնում ֆիլմն արժանացել է Հատուկ մրցանակի, Թուրինի հեղինակավոր կինոփառատոնում՝ գլխավոր մրցանակի:

«Փակուղի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է շվեյցարական Նիոն քաղաքի Visions du Réel կինոփառատոնում՝ ընդգրկվելով փառատոնի միջազգային մրցույթում: Ֆիլմի Ասիական պրեմիերան կայացել է Իրանի «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, Ամերիկյան պրեմիերան՝ Սիրակուզի կինոփառատոնում: Ֆիլմը ներկայացվել է նաև  Մոսկվայի կինոփառատոնում: 2016 թ. Ֆիլմը ներկայացվել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում:

Հարություն Խաչատրյանը Նիդերլանդների Արքայազն Քլաուսի մրցանակակիր է, Ֆրանսիայի Հանրապետության Մշակույթի և Հաղորդակցության նախարարության Chevalier de l'Ordre des Arts et des Lettres շքանշանակիր։