Մեծ դահլիճ
Կինոյի տան Մեծ դահլիճը Հայաստանի լավագույն դահլիճներից մեկն է կինոցուցադրությունների, համերգային գործունեության, հանդիսությունների համար, եթե ոչ՝ լավագույնը:
 
510 տեղանոց այս հրաշալի դահլիճն այսօր Եվրոպայում պահպանված այն քիչ դահլիճներից մեկն է նաև, որը կառուցված է յուրահատուկ ակուստիկ ինժեներիայով, երեսպատված է հատուկ փայտով, որը նպաստում է ձայնի հնչողությանը:
 
Այն բացվել է 1975 թվականին և երկար ժամանակ, մինչև «Ռոսիա» կինոթատրոնի շահագործումը Հայաստանի ամենամեծ դահլիճն էր: Բացումից հետո այս դահլիճում են կայացել հատկապես «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրած բոլոր ֆիլմերի կինոպրեմիերաները:
 
Եվ ընդհանրապես, Կինոյի տան այս դահլիճը լեգենդար է, քանի որ այստեղ են կայացել ինչպես մեծ աղմուկ հանած կինոցուցադրություններ, այնպես էլ կինոհանդիպումներ, քննարկումներ ու բանավեճեր, որոնք դեռ թարմ են մարդկանց հիշողություններում:
 
Կինոյի տան Մեծ դահլիճը հիշում է նաև տասնյակ կինոլեգենդների, որոնք այցելելով Հայաստան, այցելել են նաև Կինոյի տուն և հենց այս դահլիճում են դիտել ֆիլմեր, ներկա եղել հանդիսավոր երեկոների, մեծ պրեմիերաների, հանդիսությունների:
 
Հայկական կինոյի բոլոր լեգենդար անունների կենսագրությունը՝ ժամանակագրության մեջ, ուղղակիորեն կապված է հենց այս լեգենդար դահլիճի հետ:
 
Եվ ահա, գրեթե 30 տարվա անգործությունից հետո, որի հետևանքում դահլիճը հայտնվել էր նաև անմխիթար վիճակում, այն վերաբացվել է՝ ամբողջովին պահպանելով իր ճարտարապետական տեսքն ու մտահղացումները:
 
Վերականգնվել և հատուկ մշակման է ենթարկվել երեսպատման փայտը, որպեսզի կրկին իրողություն դառնա դահլիճի եզակի ակուստիկ միջավայրը: Ժամանակին տեղադրված աթոռները ամբողջովին նորոգվել են՝ պահպանելով իրենց կառուցվածքը, ամբողջական վերականգնման և նորոգման են ենթարկվել դահլիճի մանրահատակը, ինժեներական կառուցվածքները, ենթակառուցվածքները, կինոցուցադրման սրահը, հարակից տարածքները, նախասրահները, կառուցվել են նոր սանհանգույցներ, այլ հարմարություններ:
 
Տեղադրվել են նոր լուսային համակարգեր, կինոցուցադրման ժամանակակից սարքավորումներ և այլն:
 
Այսպիսով, Կինոյի տան լեգենդար մեծ դահլիճը, որտեղ մուտք ունենալը ժամանակին ոչ բոլորին էր վերապահված, նորոգումից հետո բացում է իր դռները՝ որպես Եվրոպայում լավագույն ռետրո ոճի դահլիճներից մեկը, և սպասում է բոլորին, իր հանդիսատեսին՝ վերականգնելով հատկապես լավ կինո դիտելու ավանդույթը: