ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ

Կինեմատոգրաֆիստների միության «Բուխարու սրահ» -ն, առանց վարանելու, կարելի է Երևանի բացառիկ մշակութային անկյուններից մեկը համարել, նույնիսկ՝ մի քիչ պատմական:

Ավելի քան քառասուն տարի առաջ, երբ բացվեց Կինոյի տունը, բացվեց նաև «Բուխարու սրահ»-ը՝ գեղեցիկ ու ընդարձակ մի վայր, իսկ այն այդպես անվանվեց մի պարզ պատճառով՝ գողտրիկ մի բուխարի աշնանային ու ձմեռային երեկոներին տաք, հաճելի մթնոլորտ էր ստեղծում սրահում:

Այսօր արդեն ջերմ հիշողություն են բազմաթիվ նշանակալի իրադարձություններ, որ տեղի են ունեցել հենց «Բուխարու սրահ»-ում՝ դառնալով հայ կինոյի կենսագրության մի սքանչելի մաս:

Տարբեր տարիների այստեղ հյուրընկալվել են այնպիսի անհատներ, ինչպիսիք են Ամենայն Հայոց Վեհափառներ Վազգեն Առաջինը, Գարեգին Առաջինը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Վիլյամ Սարոյանը, Հովհաննես Բաղրամյանը, Արամ Խաչատրյանը և այլք:

Համաշխարհային կինոյի բազմաթիվ մեծ անուններ նույնպես, ինչպիսիք են Էմիր Կուստուրիցան, Վիմ Վենդերսը, Արմեն Ջիգարխանյանը, Վասիլի Լանավոյը, Ռոման Բալայանը, Էլդար Շենգելայան, Ալեն Թերզյանը, Վադիմ Աբդռաշիտովը և ուրիշներ իրենց ներկայությամբ տարբեր ժամանակներ պատվել են «Բուխարու սրահ»-ը:

Եվ արտահայտությունը, որ «պատերը նույնպես հիշողություն ունեն», «Բուխարու սրահ»-ում ոչ թե երևակայական է, այլ իրական:

Այսօր «Բուխարու սրահ»-ի պատերին բոլոր այն նշանավոր անհատների ստորագրություններն են, ովքեր իրենց ներկայությամբ այս վայրը դարձրել են պատմական: Եվ այսօր նույնպես այս սրահը հրաշալի հանդիպումների, քննարկումների, բանավեճերի, կինոցուցադրումների, երեկոների, զրույցի վայր է, նաև՝ մեկ գավաթ սուրճ կամ գինի վայելելու վայր:

Այն բաց է նաև այցելուների համար և բոլորը, ովքեր սիրում են կինո, կարող են այցելել և վայելել այն մթնոլորտը, որ վայելել են շատ-շատերը:

Այն կարող է նաև հրաշալի, անմոռանալի միջոցառումների վայր դառնալ…

Եվ ուրեմն՝ եկեք «Բուխարու սրահ»…