Նախկին նախագահներ

ՍՏԵՓԱՆ ԿԵՎՈՐԿՈՎ

Կինոռեժիսոր Ստեփան Կևորկովը Հայկական ՍՍՀ կինեմատոգրաֆիայի աշխատողների միություն կազմավորելու նպատակով ստեղծված Կազմբյուրոյի նախագահ է նշանակվել 1957 թ. նոյեմբերի 15-ին:

1962 թ. կայացած կինեմատոգրաֆիստների միության առաջին համագումարում ընտրվել է միության վարչության առաջին քարտուղար՝ ղեկավարելով այն մինչև 1967 թ.:

Ծնվել է 1903 թ., Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումը: 1931-35 թթ. աշխատել է Մոսկվայում, նախ՝ Ն. Շենգելայայի, ապա՝ Ա. Դովժենկոյի նկարահանման խմբում, սկզբում՝ որպես ասիստենտ, ապա՝ որպես երկրորդ ռեժիսոր:

1935-ին Համո Բեկնազարյանի հրավերով եկել է Հայաստան:

«Հայկինո»-ում Լևոն Քալանթարի սցենարով նկարահանել է «Հասմիկ» վավերագրական ֆիլմը՝ նվիրված ժողովրդական դերասանուհի Հասմիկ Հակոբյանի բեմական գործունեության 30-ամյակին:

1935-ին նկարահանել է իր առաջին խաղարկային ֆիլմը՝ «Լեռնային արշավ»-ը: 1941-ին մեկնել է ռազմաճակատ:

Վերադառնալով Երևան՝  կինոգործունեությունը դարձյալ սկսել է վավերագրական ֆիլմով: Նկարահանել է «Բամբակագործությունը Հայաստանում» գիտամասսայական ֆիլմը: 1949 թ. նշանակվել է կինոստուդիայի տնօրեն,  որը ղեկավարել է մինչև 1951 թ.:

Էրազմ Մելիք-Քարամյանի համագործակցությամբ նկարահանել է «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955 թ.), «Ամպրոպի արահետով» (1956 թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1958 թ.), «Արտակարգ հանձնարարություն» (1965 թ.) ֆիլմերը:

1967-ին Ս. Կևորկովն արժանացել է Հայաստանի Պետական մրցանակի, իսկ 1970-ին նրան շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում:

Մահացել է 1991 թ. օգոստոսի 15-ին:

 

ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ

Կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության վարչությունը ղեկավարել է 1967- 68 թվականներին:

Ծնվել է 1927 թ. մայիսի 26-ին, Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ): 1942-56 թթ. հանդես է եկել որպես դերասան: 1945-ին՝ որպես Լ. Կարագյոզյանի և Գ. Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են» պիեսի գլխավոր դերակատարի (բեմադրությունը՝ Արմեն Գուլակյանի), նրան շնորհվել է ԽՍՀՄ Պետական (Ստալինյան) մրցանակ:

Սովորել է Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում, Ս. Գերասիմովի արվեստանոցում:

1963-ին հրավիրվել է «Հայֆիլմ» կինոստուդիա՝ մշտական աշխատանքի:

1965-ին էկրան է բարձրացել նրա «Բարև, ես եմ» ֆիլմը, որը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի ծրագրում՝ դառնալով առաջին և միակ հայկական լիամետրաժ ֆիլմը, որ մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցույթին:

Նկարահանել է «Երևանյան օրերի խրոնիկան» (1972 թ.), «Երկունք» (1976 թ.) երկսերիանոց, «Ապրեցեք երկար» (1979 թ.), «Մենավոր ընկուզենին» (1987 թ.), «Կարոտ» (1990 թ.) ֆիլմերը:

1984-91 թթ. որպես նախագահ գլխավորել է «Հայֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական խորհուրդը:

1982-97 թթ. դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում (1991-ից՝ պրոֆեսոր):

1969 թ. Ֆ. Դովլաթյանին շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում:

1971 թ. «Սարոյան եղբայրներ» ֆիլմի համար (գեղարվեստական ղեկավար և դերակատար) արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի:

1983 թ. Ֆ. Դովլաթյանին շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում:

1997 թ. օգոստոսին Վիբորգում կայացած «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնում Ֆ. Դովլաթյանն արժանացել է «Կինոարվեստին անհատույց ծառայելու համար» հատուկ մրցանակի:

Մահացել է 1997 թ. օգոստոսի 30-ին:

 

ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆ

Կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանը՝ որպես վարչության առաջին քարտուղար, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը ղեկավարել է 1969-1975 թթ.:

Նույն ժամանակաշրջանում եղել նաև Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենը:

Ծնվել է 1922 թ. Կրասնոդար քաղաքում:

Ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտը:  1941-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1970-1988 թթ. դասավանդել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (1982-ից՝ պրոֆեսոր):

1957 թ. էկրան է բարձրանում «Առաջին սիրո երգը» կինոնկարը (բեմադրող ռեժիսորներ՝ Լաերտ Վաղարշյան, Յուրի Երզնկյան):  

1965 թ. Լ. Վաղարշյանը նկարահանում է «Մարտիրոս Սարյան» վավերագրական կինոնկարը:  Լ. Վաղարշյանի ֆիլմերից են «Քաոսը» (1975թ.), «Աքսորյալ 001» (1979թ.), «Կոչված են ապրելու», «Արամ Խաչատրյան. արվեստագետը, քաղաքացին» (չորս ֆիլմ՝ 1981-83 թթ.):

Վերջինս, ինչպես նաև «Մարտիրոս Սարյան» ֆիլմը, շահել են համամիութենական կինոփառատոնի մրցանակներ:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ  է (1976 թ.):

Մահացել է 2000 թ.

 

ԿԱՐԵՆ ՔԱԼԱՆԹԱՐ

Կինոգետ, հրապարակախոս Կարեն Քալանթարը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ղեկավարել է 1976-86 թթ.

Ծնվել է 1928 թ. հուլիսի 30-ին, Երևանում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Նույն թվականից աշխատել է «Коммунист» թերթի խմբագրությունում (1964-67-ին՝ խմբագրի տեղակալ), 1967-74-ին՝ Հայաստանում «Литературная газета»-ի սեփական թղթակից:

1974-76-ին՝ «Հայֆիլմի» տնօրեն, 1976-87-ին՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղար, 1979-90-ին՝ միաժամանակ ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի բաժնի վարիչ, 1987-ից  դասավանդել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտում: 1989-2000 թթ. եղել է Կինոյի բարեկամների հանրապետական ընկերության նախագահ:

Մահացել է 2000 թ. հունվարի 1-ին:

 

ՍԵՐԳԵՅ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Կինոօպերատոր, կինոռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1987 թ.), պրոֆեսոր (1991 թ.) Սերգեյ Իսրայելյանը Հայաստանի Կինոմիությունը ղեկավարել է 1987-2003 թթ.

Ծնվել է 1937 թ., Իջևանում:

Ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի օպերատորական ֆակուլտետը (1965 թ.):

1955-ից՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի օպերատոր: 1978-ից դասավանդել է Երևանի մանկավարժական ինստիտուտում:

Որպես բեմադրող օպերատոր նկարահանել է «Մսյո Ժակը և ուրիշներ» (1964 թ.), «Ավդոյի ավտոմեքենան» (1965 թ.), «Եռանկյունին» (1967թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Ժայռը» (1974 թ.), «Նահապետը» (1977 թ.), «Կտոր մը երկինք» (1980 թ.),որպես ռեժիսոր «Գիքորը» (1982 թ.), «Ճերմակ անուրջներ» (1984 թ.), «Պատանդներ» (1991 թ.) խաղարկային, և բազմաթիվ վավերագրական ֆիլմեր:

Եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր (1999-2003 թթ.):

Վախճանվել է 2003 թ. հոկտեմբերի 16-ին:

 

ՌՈՒԲԵՆ ԿԵՎՈՐԿՈՎ (ԳԵՎՈՐԳՅԱՆՑ)

Կինոռեժիսոր Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը ղեկավարել է 2004-2017 թվականներին:

Ծնվել է 1945 թ., Երևանում:

1962-64 թթ. աշխատել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես կինոմեխանիկի օգնական:

Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը:

1968-ին նկարահանել է իր առաջին՝ «Ներսիսյանցիներ» վավերաֆիլմը:

1982 թթ. վավերագրական ֆիլմերի ստուդիան՝ որպես գեղարվեստական միավորում, միացվել է «Հայֆիլմ» կինոստուդիային և Ռուբեն Գևորգյանցը նշանակվել է միավորման գեղարվեստական ղեկավար: 1989-ին այդ միավորման բազայի վրա ստեղծվել է «Հայկ» կինոստուդիան:

Նկարահանել է 65 ֆիլմ, որոնցից  8-ը միութենական և միջազգային կինոփառատոներում արժանացել են գլխավոր մրցանակի:  2006 թվականին Գևորգյանցին շնորհվել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում:

2007-ին որդու՝ Վահե Գևորգյանցի հետ համատեղ նկարահանել է «Հրաշագործի աշունը» վավերագրական ֆիլմը, որի համար նրանք 2009-ին արժանացել են ՀՀ նախագահի մրցանակի:

Եղբոր՝ Գեորգի Կևորկովի հետ հանդես է եկել նաև խաղարկային կինոյում՝ նկարահանելով «Գիշերվա մեջ առկայծող կրակը» («Մ. Նալբանդյան»), «Քանի դեռ ապրում ենք», «Սպիտակ ոսկոր» կինոնկարները:

Մահացել է 2017 թվականին: