ՆորություններԿԴԱՌՆԱ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆԵՄԱԹԵՔԸ ԵՐԱԶԱՆՔԻՑ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, երկար շրջեց այն տարածքներում, ուր ոչ հեռու ապագայում լինելու է հայկական ժամանակակից կինոթանգարանը՝ Սինեմաթեքը:
 
Կինոյի տան մեծ դահլիճում, որը դռները բացել էր վերջերս՝ 43 տարի անց հիմնովին նորոգվելուց հետո, դիտեց փոքրիկ տեսահոլովակ այն հայեցակարգային մոտեցումների մասին, որը դրվելու է հայկական Սինեմաթեքի հիմքում՝ հուշերի ու հիշողությունների որոշակի զգացողություններ ապրելով երբեմնի ամենահանրահայտ կինոդահլիճում:
 
Ջերմ ու անկաշկանդ զրույց ունեցավ այն մարդկանց հետ, որոնք նախանձախնդիր են հայկական կինոժառանգությունը պահպանելու, նոր կինոմթնոլորտ, նոր կինոմիջավայր ձևավորելու երազանքում, ստորագրեց Կինոյի տան հռչակավոր «Բուխարու սրահ»-ի հուշապատին՝ խոստանալով ամեն ինչ անել, որ ծրագրերը, երազանքները դառնան իրականություն:
 
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ոչ մի վայրկյան կասկած չունի, որ ժամանակակից հայկական կինոթանգարանը՝ նորարար ու ստեղծարար հայկական Սինեմաթեքը, ուր ոչ միայն կպահպանվի հայկական կինոժառանգությունը, այլև կինոմշակույթը կդառնա յուրաքանչյուր այցելուի կյանքի մասնիկը, կդրվի կրթական, գիտական, մշակութային ու զբոսաշրջային հայեցակարգերի հիմքում, երազանքից դառնալու է իրականություն:
Իսկ ե՞րբ են երազանքները դառնում իրականություն: Այն ժամանակ, երբ դրանց ընդառաջ գնում ես հավատով, նվիրվածությամբ ու անվերջ աշխատելով:
 
Վերջին ութ ամիսներին՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, հայկական կինոթանգարանի՝ ժամանակակից Սինեմաթեքի գաղափարը եղել է սևեռուն միտք:
 
Նախկին կինոյի տնից հրաշքով փրկված տարածքներում արվել են ինժեներական աշխատանքներ, ստեղծվել են Սինեմաթեքի նախագծերի ուրվագծերը, նախագծային-նախահաշվային փաստաթղթեր, կատարվել է հետազոտական-վերլուծական հսկայական աշխատանք, մշակվել են հայեցակարգեր, մոտեցումներ, սկզբունքներ: Համագործակցության բանակցություններ են տարվել աշխարհի բազմաթիվ Սինեմաթեքների, այդ թվում և լավագույններից մեկի՝ Ամստերդամի Սինեմաթեքի հետ, ձեռք են բերվել գործակցության պայմանավորվածություններ:
 
Այդ հայեցակարգերի ու սկզբունքների հիմքում դրված է այն, որ կինոթանգարանը չի լինելու զուտ պատմական ու մշակութային արժեքների ցուցադրման վայր, այլ լինելու է գործող, ստեղծարար, նորարար միջավայր, ուր ժամանակակից տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների շնորհիվ հայկական կինոմշակույթը հասանելի է դառնալու ժամանակակից աշխարհին և հակառակը, ուր այցելուները՝ անկախ տարիքից, հայտնվելու են կինոմիջավայրում և հաղորդակցվելու են կինոարվեստի հետ՝ տանելով անմոռանալի հիշողություններ, ուր կինոկրթությունը լինելու է իրական ու շոշափելի:
 
Անտրտունջ աշխատանքը շարունակվելու է:
 
Այցի մանրամասները՝ տարբեր լրատվամիջոցների նյութերում, որոնց հղումներն առկա են մեր էջում:
27.07.2018