ՆորություններՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆԵՄԱԹԵՔԸ. ԵՐԱԶԱՆՔԻՑ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ...
Առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելելու է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն և ի թիվս այլ նախագծերի, ծանոթանալու է նաև հայկական Սինեմաթեքի՝ ժամանակակից հայկական կինոթանգարանի ստեղծման աշխատանքների ընթացքին:
 
Դեռ երկար ճանապարհ կա, որ հայկական Սինեմաթեքը՝ ժամանակակից հայկական կինոթանգարանը, երազանքից դառնա իրականություն, բայց յուրաքանչյուր քայլ այդ ճանապարհին երազանքը մոտեցնում է իրականությանը:
 
Ամիսներ առաջ էր ընդամենը, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ ստեղծվեց հանձնաժողով, որի կազմում էր նաև հայկական կինոյի լեգենդար օպերատոր, հայ կինոպատմության լավագույն գիտակ Լևոն Աթոյանցը և Սինեմաթեքի նախագծման, զարգացման ծրագրերի ստեղծման, տեսլականների մշակման աշխատանքներին զուգահեռ սկսվեց հայ կինոպատմության նմուշների հավաքագրումը, որի առաջին նվիրատուներից էր նաև Լևոն Աթոյանցը:
 
Կարճ ժամանակ անց Կինոյի տան հանրահայտ Բուխարու սրահում բացվեց հավաքագրված ցուցանմուշների առաջին խորհրդանշական ցուցահանդեսը: Դրանց հավաքագրումը շարունակվում է հետևողականորեն և անդադար: Հատուկ այցելություններ են եղել մեր կինոյի գործիչներին, նրանց ժառանգներին և այլն:
 
Մասնագիտական խումբն աշխատում է աշխարհի ժամանակակից Սինեմաթեքների ուսումնասիրությամբ և հայկական Սինեմաթեքի զարգացման ծրագրերի, տեսլականների ստեղծման ուղղությամբ:
 
Ոգևորությունը երբեք չի մարելու, դժվարությունները չեն կասեցնելու աշխատանքների ընթացքը և կգա մի օր, երբ հայկական Սինեմաթեքը՝ կենդանի թանգարանը, մշակութային, զբոսաշրջային կենտրոնը երազանքից կդառնա իրականություն, իրենում ներառելով հայկական կինոյի հարուստ պատմությունը, ժամանակակից իրողությունները և ապագայի տեսլականները:
 
Կրկին բոլորին կոչ ենք անում նպաստել մեր կինոպատմության պահպանմանն ուղղված ջանքերին: մենք բաց ենք համագործակցության, միասին մտորելու, միասին ստեղծելու հրամայականների առաջ:
 
Հուլիսի 21-ին կրկին քննարկվում էին Սինեմաթեքի ծրագրերը, իսկ գաղափարի քննարկման առաջին հանդիպումը 2017թ. նոյեմբերի 27-ին էր...
22.07.2018