Նորություններ«ՎԵՐԱԴԱՐՁՈՂՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԷՐ…
Կինոյի տան փոքր կինոսրահի էկրանին հայ կինոյի վարպետներից Ալբերտ Մկրտչյան ռեժիսորի կինոն էր՝ նրա առաջին կարճամետրաժ ֆիլմերը՝ «Հուշարձանը»-ը և «Լուսանկարը»:
 
«Վերադարձ կինոյի տուն» խորագրով ջերմ երեկոն այս անգամ նվիրված էր կինոարվեստում իր ուրույն հետքը թողած արվեստագետի՝ Ալբերտ Մկրտչյանի հիշատակին:
 
Վերաբացված կինոյի տունը հայկական կինոյի արժևորման հերթական օրն անցկացրեց ռեժիսորի երկրպագուների, նրա ֆիլմերի հետևորդների, նրա ընտանիքի անդամների, ընկերների ու մտերիմների հետ՝ հիշողություններով, հուշերով, կյանքի դրվագների վերապատմումով, ծիծաղով, հումորով, որը հատուկ էր գյումրեցի կինովարպետին:
 
Մինչ կցուցադրվեին ֆիլմերը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն իր հակիրճ խոսքում նշեց, որ Ալբերտ Մկրտչյանը՝ մեր կինոյի մեծանուն վարպետներից մեկը, իր ստեղծագործություններով, իր կինոյով, իր կինոլեզվով ստեղծել է մեր ժողովրդին սիրելի կինո, որը մեր կինոարվեստում մնալու է միշտ: Եվ կարևորելով նման երեկոների գոյությունը կինոյի տանը, Հարություն Խաչատրյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ վերաբացված կինոյի տունը կինոյի մարդկանց տունն է և այսպիսի երեկոներով, հանդիպումներով, քննարկումներով պետք է ստեղծենք այն մթնոլորտը, որը կոգևորի նաև երիտասարդներին՝ ճանաչելու, հասկանալու  հայկական կինոն:
 
Ալբերտ Մկրտչյանի որդին՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը, ևս կարևորեց այսպիսի հանդիպումների անհրաժեշտությունը՝ նշելով, որ արդեն մի քանի ամիս է, ինչ կինոյի տունը դարձել է մի կինոմիջավայր, որը մարդկանց թույլ է տալիս շփվել կինոյի հետ:
 
Ալբերտ Մկրտչյանի առաջին ֆիլմերի մասին խոսեցին նաև կինոքննադատ, ԵԿԹՊԻ պրոռեկտոր Անետա Երզնկյանը, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը:
 
Ֆիմերի ավարտին հնչած ծափերը և հանդիսատեսի հուզմունքը ևս մեկ անգամ վկայեցին, որ Ալբերտ Մկրտչյանի կինոն հարազատ է հանդիսատեսին, և հենց այդ մթնոլորտում էլ անցավ մտերմիկ զրույցը «Բուխարու սրահ»-ում, որին ներկա էին բազմաթիվ երիտասարդներ, Ալբերտ Մկրտչյանի այրին՝ Սեդա Սահակյանը, որդին՝ Մհեր Մկրտչյանը, կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, դերասաններ, մկրտչյանական կինոյի երկրպագուներ:   
15.06.2018