ՆորություններԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, ԿԻՆՈԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Շատ հետաքրքիր քննարկում ծավալվեց Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում կինոկրթության իրողությունների, հեռանկարների, ժամանակակից մոտեցումների, աշխարհի փորձի, մոդելների շուրջ:
 
Դասախոսություն-քննարկում-զրույց ձևաչափով հանդիպումը կինոռեժիսոր, պրոդյուսեր Լիանա Սմբատյանի հետ էր:
 
Լիանա Սմբատյանը կինոկրթություն է ստացել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Լիսաբոնի Universidade Lusófona de Humanidades e Tecnologias-ում, Բուդապեշտի Szinház-és Filmmûvészeti Egyetem-ում, Բրյուսելի Luca School of Arts-ում և հրավիրելով հանդիպման երիտասարդների, ովքեր իրենց ստեղծագործական կյանքը կապել են կամ որոշել են կապել կինոյի հետ, նրանց հանգամանորեն ներկայացրեց այն իրավիճակը, որ առկա է կինոկրթության ոլորտում տարբեր երկրների դպրոցներում:
 
Համեմատելով կինոկրթության տարբեր մոտեցումները, դրանք համադրելով, խոսելով սովորելու իր փորձից, դժվարությունները որպես առավելություն վերածելու հմտություններից, տարբեր կինոդպրոցների ծրագրային առանձնահատկություններից, արտադրական, մարքետինգային, նախագծային և բազում այլ խնդիրներից, Լիանա Սմբատյանը ներկայացրեց խնդիրներ, որոնք շատ հետաքրքիր և կողմորոշումային կարող են դառնալ երիտասարդ ստեղծագործողների համար:   
 
Ինչպե՞ս են սովորեցնում ստեղծել կինո գլխավոր հարցը քննարկման առանցքում էր, որն էլ դարձավ ջերմ, մտերմիկ մթնոլորտում անցած զրույցի հիմնական թեման:
 
Շուրջ երկու ժամ երիտասարդ, սակայն փորձառու, գիտակ ռեժիսորը, պրոդյուսերը, ով նաև բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է, ստեղծագործական արդյունավետ և օգտակար հանդիպում ունեցավ երիտասարդների հետ, որի շնորհակալությունը ծափերն էին և հանդիպումից հետո շարունակված զրույցները:
14.06.2018