ՆորություններԵԶԱԿԻ ՄԱՐԴԸ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ ԷՐ ԱՎԳՈՒՍՏ ՍՈՒԿՈՒՏՍ
Որ նա եզակի մարդ էր՝ նշում էին բացառապես նրա բոլոր ընկերները: Որ նա լեգենդ էր, առաջնորդ, բոլորն այդ մասին խոսում էին անթաքույց: Որ նա համարձակվեց անհայտի մեջ սկսել փառատոնային շարժումը՝ հիմնելով լեգենդար «Արսենալ» կինոփառատոնը, համաձայն էին բոլորը: Որ կինոն նրա համար պաշտամունք էր՝ ցույց տվեց նրա խելահեղ կյանքը:
 
Եվ այս ամենը մի մարդու մասին. ԱՎԳՈՒՍՏ ՍՈՒԿՈՒՏՍ:
 
Լատվիայում ծնված Ավգուստ Սուկուտսը աշխարհի մարդ էր: Նոր էին ազատախոհության քամիները պտտվում Խորհրդային Միության խարխլվող սահմաններում, երբ նա Ռիգայում հիմնեց առաջին կինոֆորումը՝ արգելված ֆիլմերի աշխարհը մատուցելով հանրությանը: Փարաջանով, Սակուրով, Շվանկմայեր...այսպիսի մարդիկ էին նրա հյուրերը:
 
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «Բուխարու սրահ»-ում այնքան ջերմ էր մթնոլորտը, կարծես Ավգուստը Երևանում էր, իր ընկերների շրջապատում, իր սիրած կինոյի կողքին: Ջերմ էր, որովհետև նա անմոռանալի հետք է թողել բոլոր իրեն լավագույնս ճանաչողների սրտերում, իսկ Հայաստանում նրան լավագույնս ճանաչում էին ու նրա հետ ընկերություն էին արել շատերը՝ կինոռեժիսոր, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, կինոգետ Անետա Երզնկյանը, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը և այլոք:
 
Ավգուստ Սուկուտսն իր մեծադիր դիմանկարով ողջունեց բոլոր նրանց, ովքեր եկել էին նրա հիշատակի երեկոյին, որ կայացավ Կինեմատոգրաֆիստների միության փոքր կինոսրահում՝ նրան նվիրված «Սյուրռեալիզմի հետ անկողնում» վավերագրական ֆիլմի դիտումով:
 
Ֆիլմից առաջ Սուկուտսի կինոյի, նրա անցած ճանապարհի, նրա կյանքի ու համարձակ գործի մասին խոսեցին Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, որից հետո դահլիճը լցվեց Ավգուստ Սուկուտսի ձայնով, նրա շարժումներով, նրա կերպարով, նրա մտքերով, նրա էությամբ:
 
Նրան ճանաչողներն անցան հաճելի հիշողությունների միջով, նրան չճանաչողները բացահայտեցին այն եզակի մարդուն, որի կյանքը օրինակ էր՝ նվիրումի, սխրանքի, կինոն սիրելու և կինոյով տարված լինելու օրինակ:
 
Իսկ «Բուխարու սրահ»-ում, ուր դարձյալ էկրանին Ավգուստ Սուկուտսն էր՝ անցած հսկայական կյանքը պատկերող լուսանկարների հերթագայությամբ, ընկերները դիպված առ դիպված հիշեցին բոլոր այն հետաքրքրական օրերը, որոնք այդպիսին էին դարձել, որովհետև դրանց կենտրոնում Ավգուստն էր այնպես, ինչպես կար: Եվ ոչ մի տխուր խոսք, ոչ մի տխուր երանգ, քանի որ նա մշտապես ապրող տեսակ է...
 
Մինչև ուշ երեկո մեկ գավաթ գինու շուրջ տևած խոսք ու զրույցը, հուշերն ու հիշողությունները, պատմությունները երկար կմնան ներկաների մոտ:
 
Երեկոյին ներկա էր նաև Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:
06.04.2018