ՆորություններԴՄԻՏՐԻ ԿԵՍԱՅԱՆՑԻ «ՎԵՐԱԴԱՐՁԸ»
Երեկ «Վերադարձը» Դմիտրի Կեսայանցինն էր, հայ կինոյի մեծանուն վարպետներից մեկինը:
 
Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր դահլիճում կայացավ այս շաբաթվա առաջին և «Վերադարձ Կինոյի տուն» խորագրով երկրորդ հանդիպումը՝ նվիրված Դմիտրի Կեսայանցին, որին ներկա էին կինոռեժիսորի այրին՝ Անահիտ Կեսայանցը, գործընկերներ, ընկերներ, «Ավդոյի մեքենան» յուրահատուկ ֆիլմի օպերատոր, մեր կինոյի վարպետներից Լևոն Աթոյանցը:
 
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, բացելով երեկոն, խոսեց Դմիտրի Կեսայանց ռեժիսորի, հայ կինոյի վարպետներին արժևորելու, հայ կինոն դիտելու, ճանաչելու անհրաժեշտության մասին:
 
Այնուհետև կինոգետ Սիրանույշ Գալստյանը ներկայացրեց Կեսայանց ռեժիսորին և նրա ֆիլմարվեստը, որից հետո լեփ-լեցուն դահլիճը դիտեց Կեսայանցի «Ավդոյի մեքենան» և «Տերն ու ծառան» ֆիլմերը:
 
Ցուցադրումից հետո երեկոն տեղափոխվեց «Բուխարու սրահ», որտեղ հիշեցին Դմիտրի Կեսայանցին, խոսեցին նրա կինոյի, արվեստի մասին:
 
Եվս մի «վերադարձ» կայացավ նոր սերնդի մասնակցությամբ:
28.02.2018