ՆորություններԿԱՆԱՅՔ, ԾԱՂԻԿՆԵՐ, ԳԻՆԻ, ԿԻՆՈ...
Առաջին երեկոն էր Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր դահլիճում, որ անցնում էր «ԿԻՆՈԵՐԵԿՈ ԴԵՐԱՍԱՆԻ ՀԵՏ» խորագրի ներքո: Եվ քանի որ առաջին երեկոյի հյուրը դերասանուհի ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էր, ֆիլմերի ռեժիսորներն էլ կանայք էին՝ ԴԻԱՆԱ ԿԱՐԴՈՒՄՅԱՆԸ և ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ, երեկոն էլ մարտի 7-ին էր, ուրմեն այն շատ ավելի տոնական էր լինելու, շատ ավելի գեղեցիկ, հույզերով ու էմոցիաներով լեցուն:
Մինչ կինոքննադատ Անետա Երզնկյանը ներկայացրեց Դիանա Կարդումյանի «ԴԻԱԼՈԳՆԵՐ» և Անի Հակոբյանի «ՇՐՋԱՊՏՈՒՅՏ» ֆիլմերը և մինչ երեկոյի հյուրերը վայելեցին կինոն Նարինե Գրիգորյանի մասնակցությամբ, դերասանուհին իր հերթական ներկայացման ավարտից հետո անմիջապես ժամանեց «Բուխարու սրահ» և ընթացքից միացավ քննարկմանը, որն արդեն սկսել էր նախագծի համակարգող Արթուր Բախտամյանը:
Սրահում շատ հետաքրքիր զրույց ծավալվեց կինոյի, ֆիլմերում արծարծված թեմաների, կինոյում կնոջ կերպարի ու բազում այլ հարցերի շուրջ, որոնց շատ ակտիվ մասնակցեցին թե Դիանա Կարդումյանն ու Անի Հակոբյանը, թե երեկոյի գլխավոր հյուրը՝ Նարինե Գրիգորյանը, մանավանդ որ բոլորն էլ բացառիկ անկեղծ էին ու անկաշկանդ: Այդ թվում՝ և հյուրերը:
Իսկ Նարինեի անմիջականությունն ու անկեղծությունն ուղղակի չէր կարող անտարբեր թողնել որևէ մեկին:
Հրաժեշտից առաջ Արթուր Բախտամյանը կինոգործիչների անունից շնորհավորեց երեկոյի հյուրերին և բոլոր ներկա կանանց ու երեկոն շարունակվեց գինու, ծաղիկների, սելֆիների, ժպիտների ուղեկցությամբ:
Ահա մարտի 8-ի այսպիսի սկիզբ...
08.03.2018