Նորություններ«ԳԱՌՆԻ»-Ն ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔ
Գուցե շատերը գիտեն, որ հայկական կինոյի այնպիսի սիրված ֆիլմերում, ինչպիսիք են «Բարև, ես եմ», «Լքված հեքիաթների կիրճը», «Արևիկ», «Շեկ ինքնաթիռ», «Մենավոր ընկուզենի», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» և այլն, Առնոլդ Աղաբաբովի անունը հիշատակվում է որպես սցենարի հեղինակ, իսկ «Արևիկ», «Շեկ ինքնաթիռ», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմերում Առնոլդ Աղաբաբովը նաև ռեժիսոր է, մարդկային նուրբ փոխհարաբերությունները կինոլեզվով հմտորեն փոխանցող ռեժիսոր:
Բայց քչերը գիտեն, որ Առնոլդ Աղաբաբովի «սկիզբը» մի ֆիլմ է, որը ժամանակին շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց, բայց…մնաց անհայտ:
Եվ ահա, Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր դահլիճում «Մոռացված հայկական կինո» խորագրի ներքո «հանդիպումը» հենց Առնոլդ Աղաբաբովի այդ ֆիլմի՝ «Գառնի»-ի հետ էր և այն ներկայացվում էր այսօր ժամանակակից հայ կինոյում ինքնատիպ ձեռագիր ունեցող կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի ներկայացմամբ:
1966 թվականին նկարահանված «Մեր քաղաքի մարդիկ» եռագրության երկրորդ՝ «Գառնի» ֆիլմը, Առնոլդ Աղաբաբովի այն գործերից է, որտեղ ուրվագծվում է ապագա կինոդրամատուրգն ու ռեժիսորը: Ֆիլմում կողք-կողքի են հինն ու նորը, իսկ դրանց բախման էպիկենտրոնում մարդկային բարդ փոհարաբերություններն են, ինչպես նաև շնչող, կենդանի ավերակը:
Դիտումից հետո «Բուխարու սրահում» ծավալվեց շատ հետաքրքիր մի քննարկում, որի ընթացքում ներկաները խոսեցին Առնոլդ Աղաբաբով ռեժիսորի ինքնատիպ աշխատանքից, դերասանական ընտրությունից, յուրահատուկ նրբությամբ զարգացող սյուժեից և այլն: Նշվեց, որ թեև ֆիլմը պատկերում է 60-ականների ներկան, սակայն արդիական է ցանկացած սերնդի ու ցանկացած ժամանակի համար:
Եվ դա զգացվեց նաև նրանում, որ քննարկմանը մասնակցում էին տարբեր սերունդների մարդիկ ու քննարկման առանցքում նաև տարբեր սերունդների տեսակետների, ընկալումների բախումներն էին:
22.03.2018