pt:page_news_item, lang:arm
ՆորություններՄԱԵՍՏՐՈ ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆՆ ՈՒ «ՄԱԵՍՏՐՈ» - Ն
Հանդիպումը Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում Միքայել Պողոսյանի հետ այնքան հուզիչ էր և Միքայել Պողոսյանն այնքան շատ բան ուներ ասելու, որ նույնիսկ չգիտեր՝ ինչից սկսել:
 
«Կինոերեկո դերասանի հետ» խորագրով հերթական հանդիպումը «Բուխարու սրահ»-ում մի գավաթ սուրճի շուրջ մեկտեղել էր Միքայել Պողոսյանի արվեստի երկրպագուներին, իսկ նրանք այնքան շատ էին, որ դժվար էր անգամ նստելու տեղ գտնել:
 
Մինչ հանդիպումը հանդիսատեսը մեծ հետաքրքությամբ դիտեց Միքայել Պողոսյանի գլխավոր դերակատարությամբ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմը, հատկապես, որ ֆիլմի դիտմանը ներկա էր նաև ֆիլմի ռեժիսորը և հանդիսատեսն ակնկալում էր, որ ֆիլմի դիտումից հետո նաև Վիգեն Չալդրանյանի հետ զրուցելու առիթ կունենա:
 
Վիգեն Չալդրանյան - Միքայել Պողոսյան արվեստագետների համագործակցությունը շատ խոստումնալից է եղել, դերասանը Չալդրանյանի ֆիլմերում կարողացել է կերտել կերպարներ, որոնք շատ տարբեր են, շատ խորը, շատ բազմաբովանդակ:
 
«Մաեստոր»- ն նույնպես տպավորել էր հանդիսատեսին: Միքայել Պողոսյանի կերտած կերպարն, իրոք, շատ է տպավորիչ:
 
Ցուցադրությունից առաջ լեփ-լեցուն դահլիճում Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ողջունեց իր գործընկերներին և մեկ անգամ ևս կարևորեց կինոմթնոլորտի վերադարձը Կինոյի տուն, կինոդիտումների և կինոքննարկումների ու կինոճանաչողության նշանակությունը հանդիսատեսի համար:
 
Կինոքննադատ Անետա Երզնկյանը, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ տեսանկյունից խոսեց «Մաեստրո» ֆիլմի մասին, հիմնական «որոգայթները» թողնելով հանդիսատեսին: Ֆիլմը մտքի մարդու, ինտելեկտուալ մարդու և հասարակության ամբոխային մտածելակերպ ունեցող շերտերի փոխհարաբերությունների շուրջ է: Կինոնկարն այն մասին է, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ խախտված է հասարակության և անհատի կապը: Այդ ամենը խարսխված է ընտանեկան սիրո ու դրամատիզմի վրա, որի հանգուցալուծման մի զգալի մասը ռեժիսորը հանդիսատեսին է թողել:
 
Միքայել Պողոսյանն ու Վիգեն Չալդրանյանը շատ երկար, գրեթե մինչև ուշ երեկո «Բուխարու սրահ»-ում զրուցեցին հանդիսատեսի հետ, որը չէր ուզում հեռանալ:
 

 

 

 
26.03.2018