ՆորություններՏԱՐԿՈՎՍԿԻՆ, «ԵՐԱԶԸ», ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ
«ՄՈՌԱՑՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ» խորագրի ներքո Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոքր կինոսրահում ցուցադրված «ԵՐԱԶ» ֆիլմը՝ նկարահանված 1981-ին, ռեժիսոր Արա Ահարոնյանի կողմից, շատ-շատերին էր մեկտեղել հայկական կինոյի շուրջ:
 
Երեկոն առավել հետաքրքրական էր դառնալու նաև նրանով, որ ֆիլմի դիտմանը ներկա էր նաև հայ կինոյի լավագույն վարպետներից՝ ֆիլմի օպերատոր Արտեմ Մելքումյանը, որը բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ ուներ պատմելու կապված ֆիլմի նկարահանումների ու ստեղծման հետ:
 
Ներկայացնելով ֆիլմը, ռեժիսոր Վարդան Հակոբյանը խոսեց «Երազ»-ի մասին, որի սցենարի հեղինակն է լեգենդար Անդրեյ Տարկովսկին, նշելով, թե ինչ խորհրդավոր ճակատագիր է ունեցել կինոնկարը, բայց բոլոր հետաքրքրական դրվագները մնացին ֆիլմի քննարկմանը «Բուխարու սրահ»-ում, որովհետև ֆիլմը շատ երկար ժամանակ որևէ ցուցադրություն չէր ունեցել:
 
Թեև նախատեսված էր միայն «Երազ» ֆիլմի ցուցադրությունը, բայց ներկաները ցանկացան դիտել նաև «Երազ»-ի հետ նույն ալմանախում ցուցադրված Արա Վահունու «Ծերունին և քամին» ֆիլմը:
 
Շատ մեծ հետաքրքրությմբ դիտված ֆիլմերի ավարտին ներկաները խոսեցին, զրուցեցին, քննարկեցին, փոխանակեցին կարծիքներ ու տեսակետներ:
 
«Երազը» ստեղծվել էր այն ժամանակ, երբ Տարկովսկու անունը տալ արգելված էր, նա չէր աշխատում, ապրում էր ծանրագույն իրավիճակում, և Տարկովսկի ազգանունը հնչեցնելը կարող էր ճակատագրական լինել բոլորի համար:
 
Եւ նրա ընկերներն առաջարկել են սցենար գրել ռեժիսոր Արա Ահարոնյանի դեբյուտային ֆիլմի համար, ու հորինվել է սցենարի հեղինակ՝ Աբգար Մնացականյան անուն-ազգանունը:
 
Ֆիլմի օպերատոր Արտեմ մելքումյանը «Բուխարու սրահ»-ում հավաքվածներին բազմաթիվ հետաքրքիր դրվագներ, չբացահայտված պատմություններ պատմեց, որոնք էլ պատճառ դարձան, որ զրույցը շարունակվի մինչև ուշ երեկո:
04.04.2018