pt:page_news_item, lang:arm
ՆորություններՎԳԻԿ-Ը՝ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը Կինեմատոգրաֆիստների միությունում հյուրընկալեց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի, 100-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանում գտնվող կինոգործիչների ներկայացուցչական պատվիրակությանը:

Հյուրընկալության առանցքում ևս մեկ անգամ հայ կինոյի արժևորումն էր, հայ կինոյի վարպետների արժևորումը, որոնցից շատերն անցնելով նաև ժամանակի հասանելի լավագույն դպրոցներից մեկը՝ ՎԳԻԿ-ը, կարողացան լուրջ խոսք ասել թե հայ, թե խորհրդային կինոյում՝ բերելով նրան նոր հաջողություններ:

Հյուրերը եղան Կինոյի տան մեծ դահլիճում, որը պատրաստվում է նորոգումից, վերականգնումից հետո 30-տարի անց կրկին հյուրընկալել հանդիսատեսին, ներկայացրեցին ՎԳԻԿ-ի մասին պատմող տեղեկատվական ֆիլմն ու «Հայկական կինոն և ՎԳԻԿ-ը» բրոշյուրը, իսկ ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Մալիշևը, ժողովրդական արտիստներ Վլադիմիր Խոտինենկոն, Վլադիմիր Մենշովը ի նշան շարունակվող համագործակցության ստորագրեցին Կինոյի տան «Բուխարու սրահի» հանրահայտ պատին:

Հյուրերի թվում էր նաև հայտնի կինոգետ, մշակութաբան, արվեստաբանության դոկտոր, Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի նախագահ Կիրիլ Ռազլոգովը, որն ինչպես ինքն է ասում. «Հայաստան գալիս վերադառնում է իր արմատներին...»:

Երեկոն, որին ներկա էին նաև ՎԳԻԿ-ի հայ շրջանավարտներ, շարունակվեց ջերմ հուշերի, հիշողությունների միջով, զատկական հյուրասիրությամբ:

02.04.2018