ՆորություններԵՐՋԱՆԻԿ ԱՉՔԵՐ, ԽԵԼԱՑԻ ՀԱՅԱՑՔՆԵՐ, ԴԺՎԱՐԻՆ ՀԱՐՑԵՐ…

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության վերջին ձեռնարկը՝ «ԿԻՆՈ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» նախագիծը, մեծ ոգևորություն էր առաջացրել, և հենց այդ ոգևորությամբ էլ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 192 ԴՊՐՈՑԻ ՈՒ ՇԵՆԳԱՎԻԹԻ ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԸ՝ ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ, մուտք գործեցին Կինոյի տուն:

Նրանք, անկասկած, շփոթված էին և անկասկած, առաջին անգամ էին քայլում Կինեմատոգրաֆիստների միության սրահներով: Նրանց հայացքներում հաճելի զարմանք կար, տեսնելու, ընկալելու, կլանելու ցանկություն, աչքերում՝ յուրօրինակ փայլ:

Շուրջ 50 աշակերտներ նախ անցան Կինեմատոգրաֆիստների միության սրահներով, որտեղ հայ կինոյի մեծանուն վարպետ Լաերտ Վաղարշյանին նվիրված գործող ցուցահանդեն է, հետո անցան հանրահայտ «Բուխարու սրահ», որի պատերին մեծանուն հայեր Վիլյամ Սարոյանի, Արամ Խաչատրյանի, Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետի, կինոյի համաշխարհային վարպետներ Էմիր Կուստուրիցայի, Ռոման Բալայանի, Արմեն Ջիգարխանյանի և այլոց ստորագրություններն են, մաղթանքները:

Իսկ առջևում նրանց սպասում էր Կինոյի տան փոքր կինոսրահը, որը միանգամից դարձավ լեփ-լեցուն: Երեխաներից շատերը տեղավորվեցին նաև հատակի հարմարավետ բարձերին և սկսվեց գլխավորը՝ հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմերի դիտումը:

Երեք հրաշալի ֆիլմ՝ հրաշալի հայերենով, ճշմարիտ ուղերձներով, ասելիքով, գույներով, 30 րոպե հաճույքի ու հրաշագործության պահեր…

Բայց սա դեռ ամենը չէր: Ֆիլմերի դիտումից հետո «Բուխարու սրահում» նրանք հանդիպեցին ֆիլմերի ստեղծագործական խմբերի անդամներին՝ հայտնի կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին, որին բազմիցս տեսել էին հեռուստատեսությամբ, հանրահայտ սցենարիստ Արմեն Վաթյանին, ճանաչված մուլտիպլիկատոր Իգոր Պատրիկին:

Թե ի՞նչ էին տեսել երեխաները մուլտֆիլմերում, ի՞նչ էին հասկացել, ի՞նչ զգացողություններ էին ունեցել, ի՞նչ տպավորություններ, երևաց հանդիպումից: Նրանք նոր սերնդին հատուկ՝ առանց կաշկանդվելու բազմաթիվ հարցեր ուղղեցին ֆիլմերի հեղինակներին, արեցին առաջարկներ, տվեցին սցենարների իրենց զարգացումները, մուլտֆիլմերի իրենց լուծումները, նույնիսկ՝ վերնագրերը:

Նրանց բազմաճյուղ հարցերին շատ դժվար էր պատասխանել նույնիսկ այդպիսի փորձառու, ճանաչված մարդկանց և անկեղծության համար ասենք, որ մեկ-երկու հարցի շուրջ հյուրերը խոստացան մտածել ավելի ուշ:

Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նույնպես միացավ զրույցին, կիսվեց երեխաների հետ, պատմեց կինոյի «խորամանկություններից», մի քանի հետաքրքիր «բացահայտումներ» արեց:

Հանդիպումը շարունակվեց շուրջ երկու ժամ, մինչև վերջին հարցի պատասխանը, և երեխաները Կինոյի տնից իրենց հետ տարան ոչ միայն հաճելի զգացողություններ, այլ նաև իմացան, թե ինչպես են նկարահանվում մուլտֆիլմերը, ինչպես են ստեղծվում ձայները, պատկերները, գույները, ինչպես են խոսում իրենց սիրելի հերոսները և ընդհանրապես մտան կինոյի զարմանահրաշ աշխարհը:

Հետո սկսվեցին սելֆիները, զգացողությունների փոխանակումները, կարծիքների ու տեսակետների քննարկումները, առանձին զրույցները և այդպես շարունակ:

Երբ նրանք գնացին, Կինոյի տանը մնացին նրանց երջանիկ աչքերը, խելացի հայացքները, դժվարին հարցերը ու շատ զգայուն տպավորություններ:

Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը խոստացել է, որ այսպիսի հանդիպումները լինելու են շարունակական և յուրաքանչյուր հանդիպում երեխաների համար դառանլու է կինոյի տոն ու զարգացման յուրօրինակ առիթ:

30.03.2018