ՆորություններԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ «ՎԵՐԱԴԱՐՁԸ» ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ

Անվանի հայ կինոռեժիսոր, կինոգործիչ Լաերտ Վաղարշյանի անունը ոչ միայն հայ կինոյի կինոստեղծման տարեգրությունում է, ոչ միայն կապված է խաղարկային և վավերագրական այն ֆիլմերի հետ՝ «Առաջին սիրո երգը», «Աքսորական 011», «Կոչված են ապրելու», «Մարտիրոս Սարյան», «Արամ Խաչատրյան» և այլն, որոնք սիրված են ու ընդունված, այլ նաև սերտորեն կապված է Կինոյի տան, Կինեմատոգրաֆիստների միության Դիլիջանի ստեղծագործական տան ստեղծման, կառուցման հետ:

Թեև այսօր չկա Կինեմատոգրաֆիստների միության Դիլիջանի ստեղծագործական տունը, չկա այն Կինոյի տունը, որի ստեղծման, կայացման համար մեծ ջանքեր է գործադրել նաև Լաերտ Վաղարշյանը՝ 1969-1975 թվականներին լինելով Կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղարը, այնուհանդերձ, Լաերտ Վաղարշյանի «Վերադարձը» կինոյի տուն մեծ հուզմունքով ընդունեցին նրա գործընկերները, ուսանողները, ժամանակակիցները, նրա կինոյի երկրպագուներն ու նրա հանդիսատեսը:

Երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում բացվեց Լաերտ Վաղարշյանին նվիրված լուսանկարների հետահայաց ցուցահանդեսը, ինչպես նաև առաջին անգամ մեծ էկրանին տասնամյակներ անց ցուցադրվեց «Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմը:

Բացելով հանդիսությունը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ այս երեկոն տուրք է անվանի կինոռեժիսորի վաստակին, որ նրա «Վերադարձով» կինոյի տուն, ցանկություն կա հիշելու մեր կինոյի վարպետներին, նրանց անցած ճանապարհը, գնահատելու նրանց վաստակը և երախտապարտ լինելու, շնորհակալ լինելու:

«Ճիշտ է այսօր չկա այն Կինոյի տունը, որի ստեղծման, կայացման համար ժամանակին մեծ ջանքեր է գործադրել նաև Լաերտ Վաղարշյանը, չկա Դիլիջանի ստեղծագործական տունը, չկան շատ այլ կինոկառույցներ, մենք անցել ենք, մեր երկիրն անցել է դժվարին ժամանակների միջով, բայց մենք պարտավոր ենք հիշել մեր վարպետներին և Լաերտ Վաղարշյանի այս «վերադարձով» կինոյի տուն, մենք ուզում ենք ասել, որ սա մեր կինոյի մարդկանց տունն է և նրանք միշտ պետք է լինեն այստեղ, պետք է լինի կինոմիջավայրը, կինոմթնոլորտը»,- ասաց Հարություն Խաչատրյանը:

Իր խոսքում Լաերտ Վաղարշյանի դուստրը՝ նկարչուհի Մարինա Վաղարշյանը, իր ուրախությունը հայտնեց, որ այսօր կենդանանում է կինոմիջավայրը, կինոմթնոլորտը, և որ կինեմատոգրաֆիստների միությունը նաև Լաերտ Վաղարշյանին նվիրված այս երեկոյի, այս ցուցադրության միջոցով է փորձում «վերադարձնել» մեր անվանի կինոգործիչներին:

Լաերտ Վաղարշյանի մասին երեկոյի ընթացքում խոսեցին և իրենց հիշողություններով կիսվեցին նաև վարպետի աշակերտները՝ կինոռեժիսորներ Հրանտ Հակոբյանը, Ռուբեն Քոչարը, Սեյրան Շահսուվարյանը, նրա գործընկերներից՝ անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը:

«Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմը, որն առաջին անգամ էր տասնամյակներ անց ցուցադրվում մեծ էկրանին և նույնիսկ կինոգործիչներից շատերն այն չէին դիտել, ներկայացրեց կինոքննադատ Անետա Երզնկյանը և շարունակվեց երեկոն մեկ գավաթ գինու, ջերմ հիշողությունների, զրույցների, լուսանկարներից եկող զգացողությունների շուրջ:

15.03.2018