pt:page_news_item, lang:arm
ՆորություններՍԻՄՈՆ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐԻԱՆ ԱՍԿԱՐԻԴԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ»-Ի ԼԵԳԵՆԴԱՐ ՊԱՏԻՆ
Օրեր առաջ՝ մի քանի օր ընդմիջումով, Հայաստանում էին ֆրանսահայ նշանավոր դերասան, դրամատուրգ, բեմադրիչ, լավագույն ռեժիսուրայի համար ֆրանսիական «Մոլիեր» ամենահեղինակավոր թատերական մրցանակի դափնեկիր, «Կազինո Ռոյալ», «Արամ», «Արարատ» ֆիլմերով մեծ ճանաչում ձեռք բերած, Նյու Յորքի և Փարիզի հանրահայտ թատրոններում բազմաթիվ դերեր կերտած, «T.E.R.A.»–ն (Theatre Espace Recherche Acteur) թատրոնի հիմնադիր ՍԻՄՈՆ ԱԲԳԱՐՅԱՆԸ և ֆրանսիական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ամենահայտնի դերասանուհիներից, «Սեզար» նշանավոր մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» մրցանակակիր, Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Վոլպիի գավաթ»-ի մրցանակակիր, բազմաթիվ միջազգային կինոփառատոների, մրցանակաբաշխությունների նոմինացված մասնակից, քսանից ավելի ֆիլմերում նկարահանված և տասնյակ ներկայացումներում խաղացած  ԱՐԻԱՆ ԱՍԿԱՐԻԴԸ:

Կինոգործիչների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հրավերով նրանք եղան Հայաստանի կինոգործիչների միությունում, ծանոթացան միության աշխատանքներին, կատարվածին, առաջիկա անելիքներին և սպասվող մեծ նախագծերին, շրջեցին «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանում, ծանոթացան միության ենթակառուցվածքներին, Կինոյի տան մեծ դահլիճին և այլն:

Գուցե որևէ առիթով հենց իրենք կպատմեն ստացած տպավորությունների, ապրած ուրախության, ոգևորության, աննկարագրելի զգացողությունների մասին: 

Բաց չթողնելով առիթը՝ նշանավոր արտիստներին, Հայաստանի, հայկական կինոյի ու թատրոնի հետ բազում թելերով անքակտելիորեն կապված արվեստագետներին հրավիրեցինք ստորագրելու «Բուխարու սրահ»-ի լեգենդար պատին, ինչին համաձայնեցին սիրով ու երախտագիտության մեծ զգացումով:

Նաև շատ հետաքրքիր զրույց ծավալվեց կինոյի, թատրոնի զարգացումների, Հայաստանում նրանց կողմից իրականացվող կարևոր ծրագրերի ու ապագա նախագծերի մասին:

Իսկ օրերը, ինչպես միշտ, ջերմ էին ու տաք՝ մանավանդ, երբ մեկ գավաթ գինին ու սուրճը Կինոյի տան փարաջանովյան գողտրիկ անկյունում էր:
 
18.01.2022