ՆորություններԼԻՆԵԼ ՈՒՇԱԴԻՐ ՈՒ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՄԵԾԵՐԻ ԳՈՐԾԻ ՈՒ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ
Լինել ուշադիր հայ կինոյի մեծերի գործի ու հիշատակի առաջ. սա սկզբունք էր, մոտեցում, որ որդեգրվեց Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում՝ միության նախագահ Հարություն Խաչատրյանի կողմից ու անխափան իրագործվեց այս տարիների ընթացքում և՝ իրագործվելու է:
Դրա պարզ վկայություններն են նրանց ստեղծած ժառանգության մշտական ցուցադրումները, հանդիպումները նրանց ժառանգների, նրանց ֆիլմերի հերոսների հետ, նրանց մշտական «ներկայությունը» Կինոյի տանը՝ մշտապես գործող ցուցադրության միջոցով, չընդհատվող անդրադարձերը նրանց գործին, նրանց ու նրանց ստեղծած ֆիլմերի հոբելյաններին, արխիվների հավաքագրումը, կորած արժեքների փնտրտուքը, մշտական կապը նրանց ընտանիքների, հետնորդների հետ ու ամենատարբեր նախագծերի իրականացումը:
Գարնան մեկնարկի հետ իրականություն դարձավ մի նախագիծ ևս:
Միության հատուկ հանձնախումբը սկսեց Երևանի քաղաքային պանթեոնում հայ կինոյի մեծերի շիրիմների վիճակի ուսումնասիրությունը: Ամենատարբեր պատճառներով դրանցից շատերը նորոգման, խնամքի, գերեզմանաքարերի ու եզրաքարերի, սալաքարերի ու ծածկերի վերականգնման և այլ աշխատանքների կարիքն ունեն: Եվ ստեղծված հանձնախումբը առաջարկներ է ներկայացրել դրանց բարեկարգման ուղղությամբ, որն էլ Հարություն Խաչատրյանի առաջարկով քննարկվեց միության վարչության նիստում:
Մեր կինոյի երախտավորների հետնորդների համաձայնությամբ, արդեն սկսվել են աշխատանքները, որոնք մեր հարգանքի յուրահատուկ տուրքը կլինեն նրանց հիշատակի առաջ, ովքեր ստեղծել են այն ժառանգությունը, որի անունն է հայկական կինո:
25.03.2021