pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ԱՇՆԱՆ ԱՐԵՎ»-Ի ՏԻՐՈՒՀԻՆ... ՄԵԾԱՐՈՒՄ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ...
«ԱՇՆԱՆ ԱՐԵՎ»-Ի ՏԻՐՈՒՀԻՆ... ՄԵԾԱՐՈՒՄ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ...

Կինոյի և թատրոնի սիրված դերասանուհին, մաթևոսյանական չխամրող կերպարների կերտողը, Բագրատ Հովհաննիսյանի կինոյի յուրօրինակ դեմքը՝ ԱՆԱՀԻՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոյով ապրող ու կինոյին նվիրված արտիստ, նշում էր ծննդյան 75-ամյակը, որն էլ առիթ հանդիսացավ, որ Կինոյի տան «Բուխարու սրահ»-ի ջերմ մթնոլորտում գործընկերներն ու բարեկամները, նրա արվեստի երկրպագուներն ու գնահատողները, մեր մշակույթի մարդիկ անկեղծորեն խոսեն նրա ֆիլմերի, նրա խաղացած դերերի, նրա մարմնավորած կերպարների մասին՝ գնահատելով ու մեծարելով կյանքի ու ստեղծագործական մեծ ճանապարհ անցած դերասանուհուն:

Որքան էլ հանդիսատեսի հիշողության մեջ մնայուն են նրա կերտած մաթևոսյանական կերպարները, որոնցից լավագույն հատվածներ դիտեցին Կինոյի տան փոքր կինոսրահում հավաքվածները, Անահիտ Ղուկասյանի մյուս դերերը նույնպես՝ թե կինոյում, թե թատրոնում, արվեստի յուրահատուկ ստեղծագործություններ են, որոնք ստեղծագործական նույն հիմքով ու նվիրումի նույն կերպով են գալիս դեպի հանդիսատեսը:

Այդ մարմնավորումներից մեկն էլ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմում ստեղծած նրա կերպարն է: Ֆիլմ, որն արժանի տեղ ունի հայ կինոյում և որն էլ սիրով դիտեցին երեկոյի մասնակիցները:

Անահիտ Ղուկասյանի արվեստի հետ այդ մեկ ժամվա շփումից հետո գործընկերն ու ներկաները շնորհավորեցին դերասանուհուն՝ մաղթելով ստեղծագործական նոր ուղիներ, խոսեցին նրա յուրահատուկ արվեստի մասին թե կինոյում, թե թատրոնում՝ մեծարելով ու գնահատանքի խոսքեր ուղղելով արտիստուհուն:

Կինոքննադատ, պրոֆեսոր Անետա Երզնկյանը Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անունից շնորհավորելով Անահիտ Ղուկասյանին, նախ խոսեց նրա կինոյի ու նրա ֆիլմերի մասին, անդրադարձավ նրա ստեղծած կերպարներին, այնուհետև դերասանուհուն հանձնեց Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության պատվոգիրը՝ կինոյում ունեցած մեծ ներդրման ու վաստակի համար:

Անահիտ Ղուկասյանի արվեստի մասին խոսեցին թե նրա արվեստի երկրպագուները, որ մասնակցում էին դերասանուհու տոնին, թե «Նորք» հանդեսի գլխավոր խմբագիր և տնօրեն Լիլիթ Հովսեփյանը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, հասարակական, մշակութային գործիչ Թեմիկ Խալափյանը, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը, թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը, մեծանուն օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և այլոք:

Երեկոն, որ շատ ջերմ ու անմիջական, շատ անկաշկանդ մթնոլորտում էր, վերածվեց Անահիտ Ղուկասյանի հետ անկեղծ զրույցի: Զրույցի նրա կյանքի, դերերի, անցած ճանապարհի ու ստեղծագործական ուղու մասին, որին դերասանուհին արձագանքեց փոխադարձ անկեղծությամբ ու բաց՝ ինչպես նրա դերերն են ու ստեղծած կերպարները:

Եվս մի երեկո, որ երկար դադարից հետո հնարավորություն տվեց ջերմ միջավայրում շփվել արվեստի հետ ու պահել լավ հիշողություններ:
03.02.2021