Նորություններ30 ՏԱՐԻ ԱՆՑ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԵԾ ԴԱՀԼԻՃԸ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության Փետրվարի 20-ին կայացած նիստում վարչության անդամները քննարկեցին կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան մեծ դահլիճի հիմնանորոգման, 30 տարի անց այն կրկին վերաբացելու, Կինոյի տան մեծ դահլիճը հայաստանցի հանդիսատեսին վերադարձնելու, մշակութային ժամանակակից կենտրոնի վերածելու հարցերը:

Միության նախագահ Հարություն Խաչատրյանը ներկայացրեց առ այսօր կատարված աշխատանքների ընթացքը, նշելով, որ անցած 3-4 ամիսների ընթացքում կատարվել է հսկայական ծավալի աշխատանք և առաջիկայում Կինոյի տան մեծ դահլիճը երեսուն տարի անց հիմնանորոգված կրկին կարող է հյուրընկալել հանդիսատեսին:

Նշվեց, որ կինեմատոգրաֆիստների միության փոքր դահլիճում արդեն երկու ամսից ավելի է, ինչ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին տեղի են ունենում կինոցուցադրումներ-կինոքննարկումներ, սակայն մեծ դահլիճը, որը տարիներ շարունակ հանդիսացել է Հայաստանի ամենահեղինակավոր կինոդահլիճը, պետք է բաց լինի հանդիսատեսի առջև:

Վարչության նիստում խոսվեց նաև պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխության մասին, որը նախատեսվում է անցկացնել Կինոյի տան մեծ դահլիճի հանդիսավոր բացման օրը: Առաջին անգամ Հայաստանում ստեղծվում է պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակաբաշխություն, որն անցկացվելու է յուրաքանչյուր տարի և հավակնում է դառնալ ամենահեղինակավոր մասնագիտական մրցանակաբաշխությունը:

20.02.2018