pt:page_news_item, lang:arm
ՆորություններԱՅՍՕՐ ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆ ՄԵԾ ԱՆՀԱՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է. ՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ
Այսօր հայ կինոյի երևելի անուններից մեկի՝ տաղանդավոր կինոռեժիսոր ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ ծննդյան օրն է... ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ մեծ անհատ էր, որ մուտք գործեց կինո վաղարշյանների տոհմիկ արվեստային ընտանիքից, ապրեց փառահեղ մի կյանք՝ անցնելով երեսնականների անմարդկային ժամանակներով մինչև իր ժամանակի աստեղային ժամեր, սովորեց կինոյի համաշխարհային անուններից, եղավ նրանցից շատերի մտերիմն ու ընկերը, գործընկերն ու ուսանողը, աշակերտն ու համախոհը ու ստեղծեց իր յուրահատուկ կինոն՝ բացառապես իր ձեռագրով, իր ասելիքով, իր մոտեցմամբ, իր հայացքով... Ստեղծեց «Առաջին սիրո երգը»՝ իր մտերիմ ընկերոջ, նույն ժամանակով անցած մեկ այլ երևելի անհատի՝ Յուրի Երզնկյանի հետ, որովհետև նրանք սիրում էին Երևանը անմնացորդ: Ստեղծեց «Քաոս»-ը, որովհետև այլ կերպ չէր կարող խոսել ժամանակի բարքերի մասին: Ստեղծեց «Կոչված էին ապրելու» դրամատիկ պատումը, որովհետև ուզում էր խոսել մեծ սիրո մասին: Ստեղծեց «Այսօր արևոտ օր է» գործը, որովհետև ուզում էր պատմել իր ժողովրդի անհատների մասին: Ստեղծեց «Արամ Խաչատրյան» բացառիկ կինոշարքը, որովհետև պարտք ուներ մատուցելու: ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ ոչ միայն տաղանդավոր կինոռեժիսոր էր, այլև կինոգործիչ էր իր ուրույն տեսակով և ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆ կինոգործչին ենք նաև պարտական Կինոյի տունն այսօր ունենալու, կինոգործիչների Դիլիջանի երբեմնի ստեղծագործական տունն ունենալու, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը կայացած ունենալու ու բազում այլ գործերի համար: Նրա ջանքերի ու գործի շնորհիվ էր նաև, որ հնարավոր դարձավ փրկել Փարաջանովի «Նռան գույնը», «Սարոյան եղբայրները», որ ստեղծվեցին բազում ֆիլմեր, որոնք այսօր հայ կինոյի հպարտանալիք պատմությունն են: Նրա մտերիմները վկայում են, որ նա իրեն հատուկ հումորով ասում էր, որ այսօր Պուշկինի, Արամ Խաչատրյանի և իր ծննդյան օրն է... Կրկին ու կրկին շնորհավորում ենք ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆ մեծ անհատի ծննդյան օրը՝ մեր երախտագիտությունն ու խոնարհումը բերելով հայ մշակույթի, հայ կինոյի պատմության մեջ հավերժ անմահացած մեծ արվեստագետին:
06.06.2020