ՆորություններԿԱՅԱՑԱՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԳԻԼԴԻԱՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Քիչ առաջ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում ավարտվեց պրոֆեսիոնալ գիլդիաների ղեկավարների առաջին համատեղ մամուլի ասուլիսը:

Ասուլիսին մասնակցեցին ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, Կինոռեժիսորների գիլդիայի նախագահ ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ, Կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ, Կինոդերասանների գիլդիայի նախագահ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, Կինոսցենարիստների գիլդիայի նախագահ ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ, Կինոօպերատորների գիլդիայի փոխնախագահներ ԱՐՏՈ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ, ՄԿՐՏԻՉ ԲԱՐՈՅԱՆԸ, Կինոնկարիչների գիլդիայի փոխնախագահ ՍԵԴՐԱԿ ՎԵԼԻԿՈԴՆԻՆ, Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի փոխնախագահ ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, Կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

Բանախոսները խոսեցին պրոֆեսիոնալ գիլդիաների անհրաժեշտության, նրանց գործունեության կարևորության մասին, շեշտելով, որ գիլդիաների հիմնական խնդիրն է առաջնահերթորեն պաշտպանել կինոմասնագիտությունների կրողների պրոֆեսիոնալ, մասնագիտական շահերը, դրանց շուրջ համախմբել ստեղծագործողներին, ձևավորել համապատասխան շուկաները և լինել ազդեցիկ և գործող խաղացողներ այդ շուկաներում:

Նշվեց, որ այս ընթացքում նախաձեռնող ժողովների կողմից ընտրվել են գիլդիաների ղեկավար մարմինները, սկսվել է գիլդիաներին անդամակցության գործընթացը, ստեղծվել է նաև գիլդիաների նախագահների խորհուրդը:

Պրոֆեսիոնալ գիլդիաները էական ազդեցություն են ունենալու Հայաստանում իրականացվող կինոքաղաքականության գործում, պաշտպանելու են կինոմասնագետների պրոֆեսիոնալ շահերն ու իրավունքները, նպաստելու են կինոմթնոլորտի ձևավորմանը:

ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԳԻԼԴԻԱՆԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Ասուլիսում հայտարարվեց, որ առաջիկայում (բանախոսները չբացահայտեցին կոնկրետ օրվա անակնկալը, նշելով, որ այն անցկացվելու է գարնանը) անցկացվելու է «Հայաստանի պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին հանդիսավոր մրցանակաբաշխությունը», որը կայանալու է Կինոյի տան մեծ դահլիճի բացման հանդիսավոր արարողության հետ միասին:

Շուրջ 30 տարի անց Կինոյի տան մեծ դահլիճը հիմնանորոգումից հետո ամբողջությամբ բացվելու է հանդիսատեսի առջև պրոֆեսիոնալ գիլդիաների հանդիսավոր մրցանակաբաշխությամբ և «Առաջին սիրո երգը» ֆիլմի ստեղծման 60-ամյակի հանդիսավոր նշումով:

20.02.2018