pt:page_news_item, lang:arm
ՆորություններՀԱՅԿԱԿԱՆ «ԿԻՆՈԴԵՍԱՆՏ» ՌՈՏԵՐԴԱՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի հրավերով մասնակցում է փառատոնի աշխատանքներին:
 
Արդեն կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ փառատոնի ղեկավարության հետ:
 
Հարություն Խաչատրյանի մի շարք ֆիլմերի համաշխարհային պրեմիերաներ կայացել են հենց Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում և Հայաստանն ու հայկական կինոն մեծ համարում ունեն:
 
Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում ընդգրկված է նաև երիտասարդ կինոռեժիսոր ՍԻԼՎԱ ԽՆԿԱՆՈՍՅԱՆԻ «Վախենալու ոչինչ չկա» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Արցախի սակրավորներին, որի փակ ցուցադրությունը վերջերս կայացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոքր կինոսրահում:
 
Տեղեկացնենք նաև, որ Ռոտերդամում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի աշխատանքային խումբը՝ փառատոնի գեղարվեստական տնօրեն ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, Gaiff Prօ -ի ղեկավար ՄԵԼԻՔ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ծրագրի համակարգող ՍՈՆԱ ԿԱՐԱՊՈՂՈՍՅԱՆԸ:
 
Այս մասով բոլոր անակնկալները՝ 17-րդ «Ոսկե Ծիրան»-ում, որը կկայանա 2020թ. հուլիսի 12-19-ը:
 
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը Ռոտերդամում մի շարք հանդիպումներ ունի նաև ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային զբոսաշրջային միջավայր» գլոբալ նախագծի հետ կապված: Ինչպես ասվել է, նախագծի մշակման փուլում սերտ աշխատանք է արված Ռոտերդամի մի շարք կառույցների, այդ թվում և Ամստերդամի Սինեմատեքի հետ:
30.01.2020