pt:page_news_item, lang:arm
ՆորություններՖԵԼԼԻՆԻԻ ԵՎ ԳՈՒԵՌԱՅԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ
Հունվարի 20-ին ողջ աշխարհն իր հարգանքի տուրքն էր մատուցում համաշխարհային կինոյի ռահվիրաներից՝ մեծ կինոյի բոլոր գագաթները նվաճած, համաշխարհային կինոտարածքը նվաճած իտալացի հանճարեղ կինոռեժիսոր և սցենարիստ, կինոյի մեծ Վարպետ ՖԵԴԵՐԻԿՈ ՖԵԼԼԻՆԻԻ 100-ամյա հոբելյանի առթիվ:
 
100-ամյա հոբելյանն էր նաև Տոնինո Գուեռա իտալացի մեծ սցենարիստի, բանաստեղծի ու գրողի, որի անունը նույնպես համաշխարհային կինոն նվաճած անունների պատվավոր շարքում է:
 
Հայաստանը, ուր ևս ճանաչված, սիրված, գնահատված, ապրված անուններ են մեծ կինոյի հանճարեղ վարպետները, չէր կարող անմասն մնալ համաշխարհային հոբելյաններից, և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի, «Դանտե Ալիգիերի» ասոցիացիայի հետ գործակցաբար տարվա կինոհանդիպումների շարքը սկսեց ՖԵԴԵՐԻԿՈ ՖԵԼԼԻՆԻԻ և ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՌԱՅԻ 100-ամյա հոբելյանական միջոցառումների մեկնարկով:
 
Կինոյի տան Փոքր դահլիճում, ուր բացված էր նաև Ֆեդերիկո Ֆելինիին և Տոնինո Գուեռային նվիրված լուսանկարչական ցուցահանդես, հայաստանյան կինոհանդիսատեսը մեծ սիրով դիտեց Ֆելլինիի «ՋԻՆՋԵՐ ԵՎ ՖՐԵԴ» ֆիլմը՝ յուրօրինակորեն շնորհավորելով մեծ վարպետներին:
 
Մինչ կինոդիտումը կայացավ հոբելյանական ծրագրի բացման հանդիսությունը, որի ընթացքում ներկաներին ողջունեցին Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն ՎԻՆՉԵՆՑՈ ԴԵԼ ՄՈՆԱԿՈՆ, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
 
«ՋԻՆՋԵՐ ԵՎ ՖՐԵԴ» ֆիլմը հանդիսատեսին ներկայացրին կինոգետներ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԸ, և շուրջ երկու ժամ ներկաներն ապրեցին Ֆելլինիի Իտալիայում:
 
Կինեմատոգրաֆիստների միության, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի, ՀՀ-ում Իտալիայի դեսպանության և «Դանտե Ալիգիերի» ասոցիացիայի համատեղ հոբելյանական միջոցառումները շարունակական են լինելու:

Բաց չթողեք...
23.01.2020