pt:page_news_item, lang:arm
ՆորություններԱՐԱ ՎԱՀՈՒՆՈՒ «ՎԵՐԱԴԱՐՁԸ»
Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր դահլիճում երեկոն և՛ տոնական էր, և՛ հուզական, և՛ հիշողություններով, զգացողություններով լի, և՛ անմիջական ու սիրով:
 
«Վերադարձ Կինոյի տուն» շարքի առաջին երեկոն նվիրված էր հայ կինոյի վարպետներից Արա Վահունուն: Ներկաները՝ թե՛ կինոյի անվանի վարպետներ, կինոգործիչներ, թե լավ կինոյի բազմաթիվ երկրպագուներ, այդ թվում՝ մեծաթիվ երիտասարդներ, թե՛ Արա Վահունու ընտանիքի անդամները, որոնք ներկա էին երեկոյին, ջերմորեն հիշեցին Արա Վահունի մարդուն, կինոռեժիսորին, նրա նուրբ ու զգացական կինոն, հաղորդակցվեցին նրա ստեղծած զգայուն աշխարհին:
 
Կինոյի տան «Բուխարու սրահում», ուր Արա Վահունու «Մուսալեռ. վիշապի տարի» ֆիլմի դիտումից հետո սուրճի շուրջ հավաքվեցին երեկոյի մասնակիցները, կարծես ներկա էր նաև Արա Վահունին:
 
Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը խոսեց Արա Վահունու կինոյի, Վահունի ռեժիսորի ու մարդու նրա տեսակի մասին: Կինոքննադատ Անետա Երզնկյանը շատ հանգամանալից ներկայացրեց Արա Վահունու ստեղծագործական ուղին, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը, Վահունու այրին՝ Սյուզի Վահունին, որդին՝ Վահե Վահունին, ներկաների հետ կիսվեցին Վահունու կյանքի պատմություններով:
 
Վահե Վահունին իր շնորհակալական խոսքում ևս մեկ անգամ անդրադարձավ Վահունի ռեժիսորի ստեղծագործությանը, պատմեց իր հիշողությունները Վահունու կինոյի նկարահանման հրապարակներից:
 
Արա Վահունու «Վերադարձը» Կինոյի տուն կայացավ: Հարություն Խաչատրյանը խոստացավ, որ մեր բոլոր վարպետները «վերադառնալու» են...
13.02.2018