pt:page_news_item, lang:arm
ՆորություններԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԻՆ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը՝ հավատարիմ մնալով կինոյի զարգացման իր սկզբունքներին ու դիրքորոշումներին, «Լավագույն դեբյուտ» մրցանակ էր սահմանել, որը ի թիվս այլ կինոկազմակերպությունների մրցանակների, պետք է հանձնվեր «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված ֆիլմերից մեկի ստեղծագործական խմբին:
 
Եվ ահա, կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի որոշմամբ մրցանակը հանձնվեց հայաստանցի երիտասարդ կինոռեժիսոր Արման Հարությունյանին՝ «Դեկտեմբեր» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի համար:
 
Մրցանակը «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՀՀ նախագահի նստավայրում կայացած ընդունելության ժամանակ ֆիլմի ստեղծագործական խմբին հանձնեց կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը:
 
Երիտասարդ հայ կինոռեժիսորի Ֆիլմը պատմում է Ազգային ժողովի վերջին ընտրությունների մասին՝ ինքնատիպ կինոլեզվով ներկայացնելով երկու թեկնածուների քարոզարշավի տեսաժամանակագրությունը: Ռեժիսորը փորձ է արել կողմնակի տեսախցիկով հնարավորինս ընդգծել ժամանակի հրատապ ընթացքը:
 
Շնորհավորում ենք երիտասարդ կինոռեժիսոր Արման Հարությունյանին, ֆիլմի ստեղծագործական խմբին:
 
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը միշտ լինելու է երիտասարդ կինոգործիչների կողքին:
13.07.2019