pt:page_news_item, lang:arm
ՆորություններՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆԻ «ՎԵՐԱԴԱՐՁԸ» ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Վերադարձ կինոյի տուն» նախագիծն այս անգամ «հյուրընկալել» էր հայ արձակի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկին՝ ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ բացառիկ երևույթին, որի ստեղծագործություններից շատերը նաև որպես գրական հիմք են ծառայել հայկական կինոյի համար, ծնունդ տալով այնպիսի սիրված ֆիլմերի, ինչպիսիք են «Ձորի Միրոն», «Բովտունը», «Մամփրե արքան» և այլն:
 
Մուշեղ Գալշոյանի «վերադարձը» նշանավորվեց նրանով, որ հանդիսատեսին ներկայացվեց կինոռեժիսոր Տարոն Ղափլանյանի «Մուշեղ Գալշոյան» ֆիլմը, որտեղ հեղինակը եզակի մանրակրկիտությամբ անդրադարձել է Մուշեղ Գալշոյան անհատին. թե գրականությանը, թե կինոյին, թե նրա քաղաքացու կերպարին և թե նրա կենսափիլիսոփայությանը:
 
Ցավոք, Տարոն Ղափլանյանը Հայաստանում չէր, բայց երեկոյին ներկա էր նրա դուստրը՝ Մանան Ղափլանյանը:
Ֆիլմի դիտումից հետո «Բուխարու սրահում» կայացած հանդիպմանը Մուշեղ Գալշոյանի մասին խոսեցին նրա դուստրը, թուրքագետ Սիրանույշ Գալշոյանը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, Ավ.Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ Լևոն Գալստյանը, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը և այլոք:
 
Շատ անկեղծ ու անմիջական զրույց ծավալվեց Մուշեղ Գալշոյանի կենսափիլիսոփայության, գաղափարախոսության, հայոց Մեծ Եղեռնին նրա մոտեցումների, տեսակետների շուրջ:
 
Ներկաները և մասնավորապես Սիրանույշ Գալշոյանը պատասխանեցին նաև ներկաների հարցերին և երեկոն դարձավ ամբողջական մի նվիրում Մուշեղ Գալշոյան անհատին:
07.05.2019