pt:page_news_item, lang:arm
ՆորություններՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՍԱՀՄԱՆԸ» ԿՐԿԻՆ ԻՏԱԼԱԿԱՆ ԷԿՐԱՆԻՆ Է
ԿԻնոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, որը նկարահանվել է 2009 թվականին, և որը համաշխարհային պրեմիերայի է հանվել Ռոտերդամի 38-րդ միջազգային կինոփառատոնում, շարունակում է իր միջազգային կենսագրությունը:
 
«Սահման»-ը, որն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին, Փարիզի «Իրական կինո» կինոփառատոնում ընդգրկվել է որպես բացման ֆիլմ, արժանացել է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի WorldFest-ի «Ռեմի պլատինիում» մրցանակին, Սիրակուզի միջազգային կինոփառատոնում՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին, Անթալիայի կինոփառատոնի գլխավոր մրցանակին, Գիժոնի, Թբիլիսիի, Ռումինիայի կինոփառատոների մրցանակների, ստացել է իտալական «Դարկո Բրատինա» մրցանակ, FIPRESCI-ի մրցանակ Ֆրիբուրգի միջազգային կինոփառատոնում, մասնակցել է մոտ 20 կինոփառատոների, հետահայաց ցուցադրությունների նախագծերում ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում, այս օրերին կրկին իտալական էկրանին է։
 
Եր Իտալիայում է Հայաստանի մշակույթի նախարարության պատվիրակությունը, և շարունակվում է հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդումը, Իտալիայի Ապուլիա ռեգիոնի կենտրոն Բարի քաղաքում տեղի ունեցող հանդիպումներով և միջոցառումներով, Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը՝ որպես իտալական «Դարկո Բրատինա» մրցանակին արժանացած ֆիլմ, հետահայաց ցուցադրությամբ կրկին ներկայանում է իտալացի հանդիսատեսին:
 
Հարություն Խաչատրյանը, որ Իտալիայում է որպես «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և «Ոսկե Ծիրան կինոյի զարգացման հիմնադրամի» նախագահ, բացի «Սահման» ֆիլմի հետահայաց ցուցադրությանը մասնակցելուց, Իտալիայում համագործակցության հուշագիր է ստորագրելու նաև իտալական «Սուդեստիվալի» հետ, ինչպես նաև հայկական պատվիրակության հանդիպումներում ներկայացնելու է հայկական կինոն և հայկական կինոյին առնչվող հարցերը:
30.03.2019