pt:page_news_item, lang:arm
ՆորություններՉԱՐԵՆՑԻ «ՎԵՐԱԴԱՐՁԸ» ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ
Մարտի 13-ին՝ հանճարեղ Չարենցի ծննդյան օրը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում չարենցասերների աննախադեպ մի հանդիպում էր:
 
Աննախադեպ այնքանով, որ 1957 թվականին, 62 տարի առաջ նկարահանված և Հայաստանի ազգային արխիվում պահվող «Եղիշե Չարենց» ֆիլմը՝ նշանավոր գրականագետ Հակոբ Սալախյանի սցենարով, կարող էր անակնկալ մատուցել և բացառիկ մի իրադարձություն դառնալ, քանի որ ֆիլմը ցուցադրվում էր առաջին անգամ և առաջին դիտում էր նաև այն ցուցադրողների համար:

Ցավոք, ֆիլմը Եղիշե Չարենցին խորհրդային գաղափարախոսության տեսանկյունով ներկայացնող հերթական ստեղծագործություններից մեկն էր, թեև ֆիլմում ընդգրված վավերագրությունը բավական հետաքրքիր էր և եզակի կադրեր կային, որոնք խոսում էին ժամանակ ու ժամանակաշրջանի մասին:
 
Ու թեև ֆիլմը անակնկալներ չմատուցեց, բայց ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցած շատ հետաքրքիր հանդիպում-զրույցը գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի հետ, երեկոն փոխակերպեց չարենցյան մտերմիկ ու խորքային մի զրույցի, այդ թվում և ֆիլմի շուրջ:
 
Վահրամ Մարտիրոսյանը, որ նաև Չարենցի մասին լիամետրաժ ֆիլմի սցենարի հեղինակ է, որը, ցավոք, չի նկարահանվել, բացառիկ հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց Չարենցի կյանքից՝ մեկնաբանելով դրանք ժամանակի ու ժամանակաշրջանի կտրվածքով, պատմության ու պատմականության մեջ: Վահրամ Մարտիրոսյանը Չարենցից կարող էր խոսել ժամեր շարունակ և այնպիսի զգացմունքայնությամբ, որ միայն հնարավոր է Չարենցի մասին խոսելիս:
 
Դահլիճում ներկա գրողներ, ռեժիսորներ, լրագրողներ, բազմաթիվ երիտասարդ ստեղծագործողներ նույնպես մասնակցեցին զրույցին՝ հայտնելով իրենց տեսակետներն ու կարծիքները Չարենցի ստեղծագործության, նրա կյանքի ու ժամանակի, ցուցադրված ֆիլմի մասին:
16.03.2019