pt:page_news_item, lang:arm
ՆորություններՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԵՏ ԿԻՆՈ#ԶՐՈՒՅՑԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՄԻ ՔԱՆԻ ՍԵՐՆԴԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
Հերթական Կինո#Զրույցը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը, «Բուխարու սրահ»-ում կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ էր:
 
Կինոռեժիսորը ցանկություն հայտնեց, որ ժամանակակից կինոյի և հայկական կինոյի զարգացման հեռանկարների շուրջ բանախոսությունը վերածվի զրույցի: Անկեղծ զրույցի կինոյի մասին, կինոյի շուրջ, և Մհեր Մկրտչյանի ցանկությունն իրականություն դարձավ: Հանդիպմանը ներկա մեծ թվով երիտասարդներն էլ հենց դարձան զրույցի առանցքը:
 
Մհեր Մկրտչյանն այսօրվա կինոյի ու մասնավորապես հայկական կինոյի մասին խոսեց բացառիկ անկեղծությամբ: Երբ արվեստագետն անկեղծ է իր դիտարկումներում, երբեմն նույնիսկ կոշտ, ցավեցնող, այդ անկեղծությունը գնահատվում է: Կարելի է համաձայն լինել նրա տեսակետներին, կիսել նրա մտորումները, համաձայն չլինել, ճիշտ հակառակ կարծիքն ունենալ, բայց անկեղծությունը գրավիչ է բոլորի համար:
 
Երևի Մհեր Մկրտչյանի այդ մոտեցումն էր, որ զրույցը երբեմն վերածվեց բանավեճի, տեսակետների փոխանակման: Արծարծվող հարցերի շուրջ խոսեցին նաև կինոքննադատ, պրոֆեսոր Անետա Երզնկյանը, կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը, կինոռեժիսոր Րաֆֆի Հերմոն Արաքսը, կինոօպերատոր Արտավազդ Խաչատուրյանը և այլոք:
 
Երիտասարդներին, որոնցից շատերն ուսանում էին կինոմասնագիտություններ, հետաքրքրում էին կինոյի հետ կապված բազում խնդիրներ և Կինո#զրույցներ նախագծի առավելությունը հենց նրանում է, որ այն ընթանում է ոչ միայն հարց ու պատասխանի, այլ հենց զրույցի ձևով ու զրույցի մասնակիցները կարողանում են նաև իրենց տեսակետներն արտահայտել բանախոսի դիտարկումների հետ կապված:
 
Երիտասարդների նախաձեռնությամբ Մհեր Մկրտչյանը «ստիպված եղավ» անդրադառնալ թե կինոկրթության, թե դերասանի ու ռեժիսորի վարպետության, թե կինոարտադրության, թե այսօրվա հայկական կինոյի խնդիրներին, խոսել առանց թաքցնելու, գունազարդելու, առանց վարդագույն ակնոցի:
 
Մինչև ուշ երեկո «Բուխարու սրահ»-ում ներկաները չէին դադարում իրենց հարցերի ու կարծիքների տարափը ու դժվարությամբ «բաց թողեցին» կինոռեժիսորին:
17.02.2019