pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ՍԳԱՎՈՐ ՁՅՈՒՆԸ» 40 ՏԱՐԻ ԱՆՑ. «ՎԵՐԱԴԱՐՁԻ» ՈՂՋ ՀՄԱՅՔԸ
«ՎԵՐԱԴԱՐՁ ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ» խորագիրն այս անգամ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ էր բերել բազմաթիվ երևելի մարդկանց, որոնք ևս մեկ անգամ ըմբոշխնեցին հայկական կինոյի լավագույն վարպետներից Յուրի Երզնկյանի հրաշալի ֆիլմերից մեկը՝ ՍԳԱՎՈՐ ՁՅՈՒՆ-ը:
 
Այն նկարահանվել էր 40 տարի անց և իր «վերադարձով» ևս մեկ առիթ տվեց խոսելու հայկական կինոյի լավագույն նմուշների, հայ կինովարպետների, նրանց աշխատանքների ու ստեղծագործական ճանապարհների մասին, բացահայտեց պատմություններ, որոնք թաքնված են անցյալի էջերում:
 
Երեկոն յուրահատուկ էր նաև նրանով, որ այն իր ներկայությամբ պատվել էր նաև ֆիլմի երկու գլխավոր դերակատարներից մեկը՝ կինոյի և թատրոնի հանրաճանաչ, սիրված դերասան ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
 
Կինոյի տան փոքր կինոսրահում կրկին դիտելով Յուրի Երզնկյանի աշխատանքը՝ նկարահանված նշանավոր գրող, Ֆրանսիայում ստեղծագործական նվաճումների հասած հայկական արմատներով Անրի Թրուայայի դրամատիկ ստեղծագործության հիման վրա, հնարավոր դարձավ ևս մեկ անգամ և այսօրվա դիտանկյունից արժևորել ֆիլմը:
 
Ֆիլմի դիտումից հետո, ինչպես միշտ, ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ-ի ջերմ մթնոլորտում երկար ու բովանդակալից զրույց ծավալվեց ֆիլմի շուրջ, բազմաթիվ հետաքրքրական մանրամասներ պատմվեցին նկարահանման հրապարակից, ֆիլմի ճակատագրից, դերասանների ու ստեղծագործական խմբի աշխատանքներից:
 
Գուժ Մանուկյանը նույնպես հետաքրքրական դրվագներ ներկայացրեց՝ խոսելով այն տարիների ու մթնոլորտի մասին, որում ստեղծվել է հայկական կինոյի լավագույն նմուշներից մեկը՝ ՍԳԱՎՈՐ ՁՅՈՒՆԸ, մի քիչ ավելի պակաս հանրայնացված ու գնահատված:
 
Երեկոյին ներկա էին նաև Յուրի Երզնկյանի ընտանիքի անդամները, մտերիմները, ուսանողները, նաև նոր սերնդի ներկայացուցիչներ, որոնք իրենց բացահայտումներն են անում:
05.10.2018