pt:page_text, lang:arm
Ինչպես անդամակցել

Հայաստանի կինոգործիչների միությանն անդամակցելու համար

պետք է առաջնորդվել հետևյալ ընթացակարգով:

 

-Միության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը դիմում է ՀԿՄ Վարչությանը՝ ներկայացնելով

-Գրավոր դիմում

-Համապատասխան պրոֆեսիոնալ գիլդիայի երաշխավորագիր

-Անձնական թերթիկ

-Ստեղծագործական թերթիկ

- Ինքնակենսագրություն

-Ոչ պակաս, քան 3 (երեք) տարվա անդամության ստաժ ունեցող Միության 3 (երեք) անդամի գրավոր երաշխավորագիր:

-Կրթության վկայականի (դիպլոմի) պատճեն:

-3 x 4 չափի 3 լուսանկար

Պրոֆեսիոնալ գիլդիայի երաշխավորագրի, Գրավոր դիմումի, Անձնական թերթիկի, Ստեղծագործական թերթիկի, Միության անդամի երաշխավորագրի օրինակելի ձևերը՝ հաստատված միության վարչության կողմից, ստանալու համար պետք է դիմել պրոֆեսիոնալ գիլդիաների աշխատանքները համակարգող ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Հեռ.՝   +37491 48 19 79
Էլ. հասցե՝   vahagnth1958@gmail.com

Լրացված բնօրինակները պետք է ներկայացնել ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

ՀԿՄ անդամ դառնալու կարգը սահմանված է ՀԿՄ Կանոնադրությամբ, որն ընդունվել է

ՀԿՄ 27 նոյեմբերի 2021 թ. Ժողովում:

 

Քաղվածք ՀԿՄ կանոնադրությունից

 

ԳԼՈՒԽ 4

 

4. ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
 
4.1. Միության անդամ կարող են դառնալ տասնութ տարին լրացած պրոֆեսիոնալ կինոգործիչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև տեսալսողական ոլորտում աշխատող, կինոմասնագիտություններ և (կամ) կինոկրթություն ունեցող, տեսալսողական ոլորտում աշխատող ստեղծագործական այլ մասնագիտություններ ունեցող գործիչներ՝ խմբագիրներ, կինոգետներ, կինոքննադատներ, կինոարխիվային գործի, պրոդյուսինգի, կինոտեխնիկայի, կինոարտադրության, կինովարձույթի, կինոցուցադրության մասնագետներ, ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով հեղինակային և խառը (հարակից) իրավունքի կրողներ, որոնք ընդունում են Միության Կանոնադրությունը, անդամակցում են Միության որևէ պրոֆեսիոնալ Գիլդիայի, ցանկանում են մասնակցել Միության և Գիլդիայի գործունեությանը, վճարում են մուտքի վճար և անդամավճար, եթե այդպիսիք սահմանված են:
 
4.2. Միության անդամ կարող են դառնալ հայկական կինոյի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք:
 
4.3. Միության անդամ կարող են դառնալ իրավաբանական անձինք: Միությանը իրավաբանական անձանց անդամակցելու հանգամանքը չի ենթադրում իրավաբանական անձի անդամների և (կամ) նրա մասնակիցների ինքնստինքյան անդամակցություն Միությանը: Իրավաբանական անձը միության անդամ է դառնում և դուրս է գալիս անդամությունից իր իրավասու մարմնի որոշման և դիմումի հիման վրա, Միության վարչության որոշմամբ:
 
4.4. Հայկական կինոյի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող անձանց վաստակը ընդգծելու, նրանց ծառայությունը հայկական կինոյում գնահատելու և նրանց գործը հայկական կինոյի հանրահռչակմանը ծառայեցնելու նպատակով կարող է շնորհվել Միության Պատվավոր և Օտարերկրյա անդամի անդամություն: (Միության Պատվավոր և Օտարերկրյա անդամության շնորհման հարցը լուծում է Միության Վարչությունը):
 
4.5. Միության անդամների, միության Պատվավոր և Օտարերկրյա անդամների մուտքի վճարի և անդամավճարի կարգը, չափը, դեպքերը և ժամկետները սահմանում է Միության Վարչությունը:
 
4.6. Միության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Միության Վարչությանը՝ ներկայացնելով նաև անձնական թերթիկ, ստեղծագործական թերթիկ, ինքնակենսագրություն, ոչ պակաս, քան 3 (երեք) տարվա անդամության ստաժ ունեցող Միության 3 (երեք) անդամի գրավոր երաշխավորագիր, համապատասխան պրոֆեսիոնալ գիլդիայի երաշխավորագիր, կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը, պրոֆեսիոնալ աշխատանքները հաստատող նյութեր (ֆիլմեր, սցենարներ, գրքեր, էսքիզներ, հրապարակումներ և այլն՝ ըստ մասնագիտությունների): Գրավոր դիմումի, անձնական թերթիկի, ստեղծագործական թերթիկի, Միության անդամի երաշխավորագրի, պրոֆեսիոնալ գիլդիայի երաշխավորագրի ձևերը սահմանվում են Վարչության կողմից:
 
4.7. Միության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Վարչությունը:
 
4.8. Միության յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
 
4.9. Միության բոլոր անդամները կարող են մտնել ըստ մասնագիտությունների պրոֆեսիոնալ գիլդիաների կազմի մեջ:
 
4.10. Միության բոլոր անդամներն ունեն հավասար իրավունքներ և կրում են պարտավորություններ՝ անկախ կոչումից, պաշտոնից և Միությանն անդամակցության ստաժից: