ՆորություններԳՅՈՒՄՐԻԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ
Գյումրիի կինեմատոգրաֆիստների միությունը, որ ձևավորվեց նախորդ տարվա վերջին՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ, բավական ակտիվ գործունեություն է ծավալել:
Փոխադարձ այցերի, համագործակցության նախաձեռնությունների, միմյանց ճանաչելու, հատկապես երիտասարդ կինոգործիչներին խրախուսելու պայմանավորվածությունների համաձայն, գյումրեցի կինոգործիչները երևանյան հանդիսատեսին ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները՝ վերջիններիս հետ քննարկելով դրանք, խոսելով կինոարվեստի զարգացման, Գյումրիում կինոմշակույթի և կինոմիջավայրի դրսևորումների շուրջ:
Հայկական կինոյին մեծ անուններ և անկրկնելի կինոստեղծագործություններ տված Գյումրին չի կարող անմասն մնալ բոլոր այն զարգացումներից, որոնք տեղի են ունենում այսօր հայկական կինոյում:
Եվ ահա գյումրեցի կինոգործիչները երևանյան հանդիսատեսին ներկայացրեցին ռեժիսորներ ԳԱՌՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՍՈՒՐԲԸ» ֆիլմը՝ սիրված արտիստուհի Անահիտ Քոչարյանի մասնակցությամբ, և ՄԱՐՏԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ֊ԵՖՐԵՄՅԱՆԻ «ՍԵՐԻԱԼԱԿԱՆ ՄԱՐԴԱՍՊԱՆ» հետաքրքրաշարժ կարճամետրաժը։
Կինոյի տան փոքր կինոսրահում տեղի ունեցած կինոդիտումը, այնուհետև «Բուխարու սրահ»-ում տեղի ունեցած քննարկումն ու զրույցը, կարծում ենք մեր հանդիսատեսը չի մոռանա:
31.05.2019