pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ԹՇՆԱՄԻՆԵՐԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ
«Մոռացված հայկական կինո» խորագրի ներքո Կինեմատոգրաֆիստների միության փոքր կինոսրահում երեկ ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանի «Թշնամիները» կարճամետրաժ ֆիլմն էր:
 
Թե ինչպես ռեժիսորը Հրանտ Մաթևոսյանի առաջարկով նկարահանեց Գարշինի համանուն պատմվածքի մոտիվներով ֆիլմը, Դավիթ Մաթևոսյանը պատմելու էր կինոդիտումից հետո, մինչ այդ դահլիճը սպասում էր գեղեցիկ մի հանդիպման կինոյի հետ, որն արծարծում է մեզ համար շատ արդիական թեմա` հաղթող-պարտվող և այլն, որտեղ նաև մեր պատմությունն է, մեր երկրի վերջին տարիների պատմությունը:
 
Ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներից նույնպես դահլիճում էին՝ մասնավորապես բեմադրող օպերատոր Աշոտ Մկրտչյանը: Մյուսների մասին Դավիթ Մաթևոսյանն էլ շատ տեղեկություններ չուներ, միան տեղյակ էր, որ գլխավոր դերակատարներից Աշոտ Ադամյանը Հայաստանում չէ:
 
Շատ արագ անցած 27 րոպեները քննարկման, խոսք ու զրույցի, հարց ու պատասխանի շատ առիթներ էին տվել և այդ էր պատճառը, որ բավական երկար շարունակվեց դիտումին հաջորդած հանդիպումը «Բուխարու սրահ»-ում, սուրճի ընկերակցությամբ:
 
Կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանի կողմից ֆիլմը ներկայացնելուց հետո Դավիթ Մաթևոսյանն ու բեմադրող օպերատոր Աշոտ Մկրտչյանը շատ հետաքրքիր մանրամասներ պատմեցին ֆիլմի մտահղացման, կազմակերպման ու նկարահանման ընթացքի մասին:
 
Միշտ այդպիսի մթնոլորտ է Կինեմատոգրաֆիստների միության կինոդիտումներին հաջորդող զրույցներում, որոնք դարձել են յուրահատուկ բացահայտումների առիթներ:
13.04.2018