ՆորություններՄԱՐԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԴՈՆ ԱՍԿԱՐՅԱՆԻ ԿԻՆՈՆ՝ ՄԵՐ ԷԿՐԱՆԻՆ
Երկու օր շարունակ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահի էկրանին ֆիլմեր էին, որոնք թեպետ իրենց միջազգային ճանաչմանն ու ցուցադրություններին, քիչ ծանոթ էին հայ հանդիսատեսին:
Նախ լիտվաբնակ մեր հայրենակից ՄԱՐԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՀԱՅՐԸ» ֆիլմն էր, որ վավերագրական կինոյի ժանրում ներկայացնում էր ստեղծագործողի մոտեցումները կինոյին, ժանրին, պրոֆեսիոնալ սկզբունքներին և այլն:
Ֆիլմի դիտումից հետո ՄԱՐԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ լինելով նաև շատ հետաքրքիր զրուցակից, հանդիսատեսի հետ խոսեց ֆիլմի նկարահանման ողջ ընթացքի մասին, ներկայացրեց իր հերոսին՝ կյանքի բացառիկ ճանապարհ անցած մի անձնավորության, որի մեջ մեկտեղված էին մարդկային արատների ու վեհ զգացողությունների բազում փոխակերպումներ:
Շատ հետաքրքիր զրույց ծավալվեց ընդհանրապես վավերագրական կինոյի ստեղծման, ՄԱՐԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ կինոռեժիսորի կիոմտածողության, կինոլեզվի, փորձառության, հետագա ստեղծագործական ծրագրերի ու անելիքների շուրջ:
Երկրորդ օրը Կինոյի տան փոքր կինոսրահի «հյուրը» գերմանաբնակ մեր հայրենակից, կինոռեժիսոր ԴՈՆ ԱՍԿԱՐՅԱՆՆ էր, որը 2018-ին հրաժեշտ տվեց կյանքին, այդպես էլ լիարժեք բացահայտված չլինելով հայ հանդիսատեսի համար:
Մինչ ԴՈՆ ԱՍԿԱՐՅԱՆԻ «ՀԻՆ ՀՌՈՄԵԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ» ֆիլմի դիտումը, կինոգետ, կինոքննադատ ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ խոսեց կինոռեժիսորի, նրա կինոյի մասին՝ ընդգծելով, որ ներկա ցուցադրությունը նախ նվիրված է ֆիլմի 20-ամյա հոբելյանին, այնուհետև յուրահատուկ տուրք է ինչպես ԴՈՆ ԱՍԿԱՐՅԱՆ կինոռեժիսորի, այնպես էլ ֆիլմի օպերատոր, հայ կինոյի լավագույն օպերատորներից ՌՈՒԴՈԼՖ ՎԱԹԻՆՅԱՆԻ հիշատակին:
Սպասվում էր, որ ԴՈՆ ԱՍԿԱՐՅԱՆԻ ֆիլմը հանդիսատեսին անտարբեր չի թողնելու, հանդիսատեսի մոտ առաջացնելու է բազմաթիվ մտորումներ, հարցեր, կարծիքներ, իրարամերժ, հակասական տեսակետներ, որովհետև հենց այդպիսին է ԴՈՆ ԱՍԿԱՐՅԱՆԻ կինոն:
Կինեմատոգրաֆիական այս շաբաթը ևս մնաց անցյալում՝ մեր հանդիսատեսին տալով կինոյի հետ առնչվելու, վստահ ենք, բազում հետաքրքիր ու լեցուն պահեր:
25.03.2021