ՆորություններԵՐԿՈՒ ՍԵՐՆԴԻ ԿԻՆՈԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ԿԻՆՈԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ նախագիծը՝ ի ուրախություն շատերի, մեծ ընդունելության է արժանացել թե՛ երիտասարդ ստեղծագործողների, թե՛ մեր այն կինովարպետների շրջանում, որոնք կինոյի մասին անկեղծ խոսակցությունը համարում են կինոյի զարգացման կարևոր նախադրյալներից մեկը:
Հատկապես ուրախալի է, որ երիտասարդ ստեղծագործողները ցանկություն ունեն լսելու վարպետների կարծիքը և ոչ միայն լսելու, այլ նաև երկխոսելու: Դրա վկայությունն են Կինոյի տան փոքր կինոսրահի ու «Բուխարու սրահ»-ի մեծ հոսքերը:
Հերթական կինոերկխոսությունն այս անգամ երիտասարդ կինոռեժիսոր Նվեր Հովհաննիսյանի և կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի միջև էր՝ Նվերի ցանկությամբ, որպեսզի իր «Անտառապահը» և «Ապրելու արվեստը» ֆիլմերի դիտումից հետո դրանք քննարկվեն Հարություն Խաչատրյանի հետ:
Բոլոր նրանք, ովքեր ներկա էին հանդիպմանը, կվկայեն, որ հանդիպումն իսկապես վերածվեց մի կողմից վարպետության դասի՝ խոսելով վավերագրական կինոյի նրբությունների, առանձնահատկությունների մասին, մյուս կողմից՝ այն իսկապես երկխոսություն էր, որովհետև Նվեր Հովհաննիսյանն ուներ հնարավորություն ոչ միայն Հարություն Խաչատրյանի, այլ հանդիպմանը ներկա մյուս կինոռեժիսորների, կինոօպերատորների՝ մասնավորապես Մհեր Մկրտչյանի, Վահագն Տեր-Հակոբյանի հետ նույնպես խոսելու իր մոտեցումների, մտահղացումների մասին:
Շատ հետաքրքիր ձևաչափ ընտրեց Հարություն Խաչատրյանը՝ Նվերին տալով ֆիլմերի դիտումից հետո իր մոտ առաջացած բոլոր հարցերը, որն էլ դարձավ երիտասարդ կինոռեժիսորին բացահայտելու, նրա պատկերացումներին ու իմացությանը ծանոթանալու յուրօրինակ միջոց:
ԿԻՆՈԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ կինեմատոգրաֆիստների միությունում շարունակվելու են:
02.04.2019