pt:page_news_item, lang:arm
ՆորություններՀԵՐԹԱԿԱՆ ԿԻՆՈԶՐՈՒՅՑՈՒՄ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆՆ ԷՐ
ՀԵՐԹԱԿԱՆ ԿԻՆՈԶՐՈՒՅՑՈՒՄ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆՆ ԷՐ
 
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինո#Զրույց նախագծի հերթական հյուրը ծնունդով գյումրեցի կինոռեժիսոր ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆՆ էր, որը երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում, և որը մի քանի օր լինելով Հայաստանում, ներկա եղավ Կինո#Զրույց նախագծին՝ երիտասարդության հետ կիսվելու հայկական կինոյի զարգացման հեռանկարների և ժամանակակից կինոյի տենդենցների շուրջ:
 
Մի քանի ժամ տևած զրույցը բավական հետաքրքիր էր, քանզի Լևոն Մինասյանը գյումրեցուն հատուկ հումորով շատ հանգամանալից խոսեց թե այսօր Եվրոպայում նկարահանվող կինոյի, թե կինոքաղաքականության, թե Եվրոպական կինոփառատոնային միտումների, թե կինովարձույթի շուկաների մասին և թե կիսվեց իր մոտեցումներով այն կինոյի մասին, որը նկարահանվում է Հայաստանում և որը կարող է նկարահանվել:
 
Ինչպես շատ դեպքերում, հիմնական խոսակցությունը ծավալվեց կինոդրամատուրգիայի, կինոսցենարի, այն պատմության շուրջ, որը պետք է պատմվի կամ որը ցանկալի է, որ պատմվի՝ մանրամասնելով դրամատուրգիայի հետ կապված բոլոր հնարավոր ու անհնար խնդիրները, մարդկայինի ու համամարդկայինի հարաբերակցությունները՝ ելնելով ժամանակակից աշխարհի ընկալումներից:
 
Զրույցը նաև տվեց բազմաթիվ հարցերի պատասխաններ, քանի որ հանդիպմանը ներկա թե երիտասարդ կինոռեժիսորներն ու կինոօպերատորները, թե դերասաններն ու դերասանուհիները բազմաթիվ հարցեր ունեին Լևոն Մինասյանին:
 
Կինո#Զրույցները շարունակաբար ավելի մեծ թվով մարդկանց շրջանակ են ներառում, և սա նշանակում է, որ շատ են հարցերը, որոնք առնչվում են ժամանակակից հայկական կինոյին:
07.03.2019